Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին մասնակցել է ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2012 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Ռոբերտ Շաֆերյանը եւ համակարգի պատասխանատու աշխատողներ:
Երկրի ղեկավարի գնահատականով` հաշվետու ժամանակահատվածում հանրապետության ոստիկանությունն ընդհանուր առմամբ բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր: 
Միեւնույն ժամանակ, ըստ Նախագահի, ոստիկանության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար դեռեւս կան շատ անելիքներ: 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում առկա ներուժը եւ արձանագրված դրական արդյունքները հիմք են տալիս ակնկալել, որ ոստիկանությունը կարող է հաջողությամբ իրականացնել իր գործառույթները` հավելելով, որ հանրապետության իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: