Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում պատմում է հայ-վատիկանյան փոխհարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի մասին:
Պարոն դեսպան, Դուք առաջինն եք, ով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ոչ համատեղության կարգով: Որո՞նք են Ձեր աշխատանքային գործունեության հիմնական առանձնահատկությունները եւ դիվանագիտական ներկայացուցչության գործունեության հիմնական ուղղությունները:
- Երբ Հռոմ եկա եւ հավատարմագրերը հանձնեցի, ուրախություն, բայց նաեւ զարմանք նկատեցի, թե Հայաստանը որքան ուշ է հիմնում Սուրբ Աթոռում իր մշտական առաքելությունը: Կաթոլիկ եկեղեցին ճանաչում է Հայաստանի առաջնայնությունը որպես պետականորեն առաջին քրիստոնյա ազգի, եւ դա մեզ համար, բացի պատիվ լինելը, պարտավորեցնող առաքելություն է: Եվ այդ գիտակցությամբ է, որ մենք ներկայանում ենք կաթողիկե աշխարհի սրտում՝ մեզ հետ բերելով մեր պատմական փորձառություններից սերված խաղաղության եւ համերաշխության ուղերձը: Մեր երկու իրականությունները բազում ընդհանրություններ ունեն, շատ ընդհանուր մարտահրավերներ կան, ինչպես օրինակ Միջին Արեւելքում քրիստոնյաների խնդիրը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ, ընդհանրապես, քրիստոնեական արժեքների պահպանությունը: Ակտիվ կերպով համագործակցում ենք նաեւ միջազգային ասպարեզում՝ հանուն աշխարհում առավել արդարության:
Որպես նախորդ հարցի շարունակություն. Սուրբ Աթոռն առանձնահատուկ պետություն է: Այս համատեքստում որո՞նք են Ձեր առաքելության գործունեության հիմնական տարբերակիչ հատկանիշները՝ այլ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համեմատած:
- Յուրաքանչյուր իրականություն ունի իր առանձնահատկությունները: Սուրբ Աթոռի հետ աշխատանքն առաջին հերթին ենթադրում է շփում խիստ բազմաբնույթ մի աշխարհի հետ, ինչ-որ առումով ունիվերսալ, բառի բուն իմաստով, բաղկացած տարբեր ազգերի ներկայացուցիչներից, տարբեր ծագում, մտայնություն, մշակույթ եւ հասարակական փորձ ունեցող անձանցից: Տարածքային իր փոքր չափերով հանդերձ՝ Սուրբ Աթոռն իրենից ներկայացնում է մի ամբողջ աշխարհ, ինչը հետաքրքիր է դարձնում ամենօրյա շփումները, խթանում հաղորդակցությունը եւ, շնորհիվ իսկապես գլոբալ դիվանագիտության, աշխատելու նորանոր հեռանկարներ բացում: Նման միջավայրում գործելու համար անհրաժեշտ է առավելապես բաց լինելու կարողություն:
Ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մատուցեց Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, շեշտելով, որ այն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունն է: Բոլորս տեսանք Պատարագը եւ լսեցինք Հռոմի Պապի ուղերձը, սակայն քչերը գիտեն, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ, մասնավորապես դեսպանության կողմից: Հնարավորության սահմաններում կարո՞ղ եք մի փոքր պատմել այդ ամենի մասին:
- Ապրիլի 12-ի Պատարագը մի իրադարձություն էր, որը, չսպասելով ժամանակի վճռին, դարձավ պատմական, եւ պետք է ասեմ, որ դա արդեն իսկ ուրվագծվում էր այդ մեծ իրադարձության նախապատրաստման ընթացքում: Եթե վերլուծենք կատարվածը, կնկատենք, որ Ֆրանցիսկոս Պապի կողմից Մեծ եղեռնը ցեղասպանություն տերմինով ամենաուղղակի կերպով եւ հրապարակավ բնորոշելը իսկապես մեծ կարեւորություն ուներ դեպքերի հետագա զարգացման առումով, որքան էլ որ առաջին անգամը չէ, որ Հռոմի քահանայապետն այդկերպ է արտահայտվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ մասնավորապես համարձակ քահայանապետ Հովհաննես-Պողոս Բ-ն, ով արդեն իսկ իր հարգանքն էր մատուցել զոհերին՝ Հայաստան կատարած իր պատմական այցելության ժամանակ:
Ինձ համար մեծ կարեւորություն ուներ նաեւՊատարագի այն հատվածը, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց Տիեզերական Եկեղեցու Վարդապետի կոչումը, որը կաթողիկե եկեղեցու բարոյական, աստվածաբանական եւ մշակութային ամենաբարձր ճանաչումն է: Պատարագի՝ Պապի կողմից բացահայտորեն հովանավորված այս ասպեկտը խորհրդանշական ու անկրկնելի արժեք ունի, պատիվ է բերում հայ ժողովրդին եւ վերադարձնում է նրան մշակութային մեծությունը, որը երբեմն հակված ենք թերագնահատելու:
Մեր հոգեւոր եւ մշակութային արժեքների նկատմամբ մեծ հարգանքի մեկ այլ ապացույց էր Նեապոլում նախօրեին տեղի ունեցած արարողությունը, երբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները կրկին իրենց արժանի տեղը գտան Նեապոլի համանուն եկեղեցում՝ հայ եւ Նեապոլի հոգեւոր ու քաղաքացիական ամենաբարձր իշխանությունների ներկայությամբ: Այդ արարողության ժամանակ արդեն իսկ զգացվում էր այն էկումենիկ ոգին, որով պետք է առանձնանային դրան հաջորդող 48 ժամերը եւ մասնավորապես հաջորդ օրը, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եւ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքը Պապի հետ միասին, հանդիսավոր թափորովմտան Սուրբ Պետրոս տաճար, որտեղ ներկա էին ՀՀ Նախագահը եւ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ Վարպետը:
Բնական է, որ այս ամենը մեծ ջանքեր է պահանջել ներգրավված բոլոր կողմերից, բայց դիվանագիտական աշխատանքը, երբ հաջողվում է, սիրում է խոսել միայն արդյունքներից:
Ի՞նչ աշխատանքներ է տանում Սուրբ Աթոռում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը խթանելու համար:
Անդրադառնալով քիչ առաջ ասվածին՝ ավելացնեմ, որ մեր եկեղեցիների միջեւ հարաբերություններն իսկապես բացառիկ են: Իրենց տարբերություններով հանդերձ` իմ ամենօրյա գործունեության ընթացքում նկատում եմ, թե ինչպիսի մեծ փոխըմբռնում կա: Երկուստեք կոնկրետ քայլեր են արվում արժեւորելու ընդհանրությունները եւ դիմագրավելու միասին ընդհանուր մարտահրավերներին: Դա մի համագործակցություն է, որը կառուցվում է հանդիպումների, այցելությունների, փաստաթղթերի եւ փորձի փոխանակման միջոցով: Մեր դեսպանությունը հպարտ է նպաստելու այդ անկեղծ երկխոսությանը:
Վերջերս Սանտա Մարիա Մաջորե համայնքի Քահանայապետական Երեւելագիտության ինստիտուտում կայացավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերն իր մեջ ներառող բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը: Խնդրում ենք անդրադառնալ այդ միջոցառմանը եւ գրքերի շարքին:
Նոյեմբերի 21-ին, կարծես որպես 100-րդ տարելիցի միջոցառումների տարեվերջյան խորհրդանիշ, մի այնպիսի իրադարձության վկա դարձանք, որը Հայոց ցեղասպանության հավելյալ ուսումնասիրության համար կարեւոր նշանակություն կունենա: Հիսուսյան միաբանության անդամ Հ. Ժորժ-Անրի Ռույսենի տարիների աշխատանքը, պարփակված 7 հատորներում, որոնք վերջին 3 տարիների ընթացքում մեկը մյուսի հետեւից լույս տեսան: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հովանավորությամբ հասարակությանը ներկայացվեցին ամբողջական տեսքով քրիստոնյա Արեւելքի վերաբերյալ ուսումնասիրությունների բացառիկ մի վայրում՝ Քահանայապետական արեւելյան ինստիտուտում: Խոսքը Վատիկանի Գաղտնի արխիվում եւ Արեւելյան եկեղեցիների ժողովի արխիվում գրեթե 100 տարի պահվող եւ մեծամասամբ անհայտ փաստաթղթերի մասին է: Գիտական ոլորտում դրանցից քչերի մասին են տեղյակ: Հայտնի էին հատկապես Բենեդիկտոս XV Պապի նամակներն ուղղված օսմանյան սուլթանին, որպեսզի դադարեցվեին տեղահանությունն ու ջարդերը: Սակայն վատիկանյան դիվանագիտության կողմից իրականացվող գործունեությունն ի նպաստ հայերի, լիարժեք կերպով բացահայտվում է այս թանկարժեք փաստաթղթերի միջոցով, որոնք վկայակոչում են նաեւ, որ Սուրբ Աթոռը երբեւէ չի դադարել պահանջել հայերի պաշտպանությունը:
Այս փաստաթղթերը մեկ այլ կարեւոր առանձնահատկություն ունեն: Դրանք չեզոք մի սուբյեկտի պաշտոնական փաստաթղթերն են, որը դաշինքի մեջ չէր պատերազմական կողմերից որեւէ մեկի հետ, ըստ այդմ, ոչ օբյեկտիվության մեղադրանքներ չեն կարող լինել նրանցում արտահայտված տեսակետների նկատմամբ:
Այդ օրը` շնորհանդեսի ավարտին, մեծ պատիվ եւ բավականություն էր ինձ համար Հ.Ռույսենին հանձնելու Հայաստանի գնահատանքը՝ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհված Պատվո շքանշանը, քանի որ այս աշխատությունը կարեւոր է ոչ միայն անցյալն ուսումնասիրելու տեսանկյունից, այլեւ մեզ բերում է դեպի ողբերգական իրականություն՝ այն ինչ կատարվում է այսօր Միջին Արեւելքում: Այս փաստաթղթերից յուրաքանչյուրը, որոնք պատկանում են մի դարաշրջանի, երբ տեսա-լրատվամիջոցները գրեթե գոյություն չունեին, այսօրվա լուսանկարներն ու տեսանյութերն են, որոնք մեզ են հասնում 100 տարի առաջ հայ ժողովրդի ողբերգության ականատեսը դարձած տարածաշրջանից:
Բացի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը լինելուց Վատիկանը հայտնի է որպես խոշոր գիտահետազոտական կենտրոն: Ի՞նչ քայլեր են արվում Ձեր կողմից Վատիկանի եւ Հայաստանի միջեւ սերտ գիտահետազոտական կապեր հաստատելու ուղղությամբ:
Բազմաթիվ են համագործակցության ոլորտները, որոնք դեսպանությունը խրախուսում է, եւ ոչ միայն գիտահետազոտական բնագավառում: Փորձում ենք նպաստել նաեւ առողջապահության, մշակույթի եւ կրթության բնագավառներում հաստատությունների միջեւ համագործակցությանը: Քահանայապետական համալսարանները հայտնի են ողջ աշխարհում իրենց ակադեմիական բարձր մակարդակով: Ամեն ջանք գործադրում ենք խթանելու հայկական մշակույթը՝ հնարավորինս օժանդակելով հայագիտական ուսումնասիրությունների զարգացմանը կաթոլիկ միջավայրում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: