2015թ․-ի ՀՀ ունեցած ձեռքբերումներն ու անհաջողությունները որոշեցինք ամփոփել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։ YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) հետ զրույցում նա ասաց․
Պարոն Մանուկյան, որպես տարվա ամփոփում, կնշե՞ք ինչ ձեռքբերումներ և դժվարություններ ունեցավ Հայաստանը։
- Ամենաանհանգստացնողը՝ արտագաղթը շարունակվում է և ավելի է շատացել, որովհետև եթե նախորդ տարիներին գնում էին 3 մլն բնակչությունից 50 000 մարդ, ապա այժմ գնում են 2 մլն-ից 50 000 մարդ։ Դա նշանակում է, որ արտագաղթի տեմպերը ավելացել են, իսկ ինձ համար, դա հիմնական ցուցանիշն է և ամենավտանգավոր ցուցանիշը, որովհետև, եթե մարդ չկա Հայաստանում, մարդը պակասում է, ապա քաղաքականություն, տնտեսություն, կուսակցություններ, բոլորը դառնում են անիմաստ։
Սա, ինձ համար, թիվ մեկ ցուցանիշն է։
Երկրորդ մեծ դժբախտությունն այն է, որ իշխանությունները Հայաստանի ժողովրդին զրկեցին նախագահ ընտրելու իրավունքից։ Հայաստանն այլևս չի ունենալու ժողովրդի կողմից ընտրված նախագահի ինստիտուտ։ Դա լրջագույն պատմական սխալ էր և հանցագործություն էր պատմության նկատմամբ։
Եվ երրորդը՝ հանրաքվեն էր, որը իշխանությունների դեմքը վերջնականապես բացեց մինչև վերջ, իսկ ժողովրդին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ միակամ՝ 650 հազարանոց «ոչ»-ով ապտակել իշխանություններին։ Ես դա համարում եմ ժողովրդի համախմբման մեծագույն հաջողություն։
Սրանք են, ըստ իս, անցնող տարվա մեծ ցուցանիշները։
Իսկ ձեռքբերում չի եղե՞լ։
- Դե ձեռքբերում էր, որ ժողովուրդն եկավ ու «ոչ» քվեարկեց։ Դա մեծ ձեռքբերում է և այդ ձեռքբերման ընթացքում շատ լավ դրսևորեցին իրենց քաղաքացիական խմբերը, դիտորդները, որոնք եկան և վերահսկողություն իրականացրեցին ընտրական համակարգում։ Երբեք այսքան կամավոր դիտորդներ և վերահսկողներ չեն եղել։ Դա ես համարում եմ հաջողություն։ Եվ նաև դրա արդյունքում հստակեցվեց, որ «ոչ»-ը հաղթել է։
Իսկ ԼՂՀ խնդրի կարգավորման գործում առաջխաղացում նկատվե՞լ է։
- Ցավոք սրտի, այնտեղ անհաջողություններն ակնհայտ են․ տարվա ընթացքում 40 զոհ ենք ունեցել խաղաղ պայմաններում։ Եվ Հայաստանի ներքին խառնաշփոթը, տնտեսական խնդիրները, արտաքին բնագավառում ձախողումները բերում են նաև ծանր իրավիճակ Ղարաբաղի հարցում։ Ղարաբաղը տուժելու է ՀՀ-ում ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու պատճառով։ Քանի որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, ժողովրդի կողմից չեն աջակցվում, դա թուլացնում է Հայաստանը արտաքին հարաբերություններում։ Նաև դրա մեջ ներառյալ Ղարաբաղը։
Ըստ Ձեզ, որոնք են ՀՀ իշխանությունների և ընդդիմության ուժեղ և թույլ կողմերը։
- Իշխանությունները իշխանագող են, իսկ ընդդիմության հետ կապված ես կխոսեմ միայն ՀԱԿ-ի մասին, ես ուրիշներին գնահատելու ցանկություն չունեմ։ Մենք պայքարում ենք, մենք աշխատում ենք, մենք մեր աշխատանքից շատ դժգոհ չենք։
Եվ վերջում, պարոն Մանուկյան, որևէ շնորհավորանք ունե՞ք հայ հասարակությանը։
- Հույս, հավատ, սեր, հաղթանակ։