Դեկտեմբերի 29-ին «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Լինելով վերակենդանացման, վնասվածքաբանության բաժանմունքներում՝ նա հանդիպեց վիրավոր զինծառայողների հետ, հետաքրքրվեց նրանց առողջությամբ, բուժման-ապաքինման ընթացքով... և շնորհավորեց գալիք Ամանորի, Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մասնակցելով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կազմակերպված առաջին վիրաբուժական կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին բուժհաստատության վիրաբուժական ծառայության հիմնախնդիրներն ու ձեռքբերումները՝ Ռուզաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսին մասնակցելու հրավերի համար: Լսելով զինվորական բժիշկների ելույթները և բարձր գնահատելով նրանց ծառայությունը՝ նա կարևորեց մասնագիտական գործունեությանը զուգահեռ գիտական գործունեությամբ զբաղվելու անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ այսպիսի բարդ, պատասխանատու ծառայական ուղի անցած բժիշկները պետք է ամրագրեն իրենց եզակի ձեռքբերումները և կանգնելով աշխարհի՝առաջավոր փորձ ունեցող գործընկերների կողքին՝ հպարտ, պատվով ներկայանան:

Հանդիպման ավարտին ԵԿՄ անդամները, որոնք այցելել էին հոսպիտալ՝ զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորելու, զինվորական բժիշկներին իրենց երախտագիտությունը և բարեմաղթանքները հայտնելու, հուշամեդալով պարգևատրեցին նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ ազգանվեր հասարակական գործունեությամբ բանակի բուժծառայությանը աջակցելու համար:

Ռուզաննա Խաչատրյան