Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի ռեստորանային համալիրում Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանին մահացու, իսկ գուղապետ Արմեն Խլղաթյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ կասկածվող անձանց մի քանիսի ինքնությունը հայտնի է:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը՝ 1984 թ. ծնված Արթուր Բաբայան, 1973 թ. ծնված Արմեն Պառավյան, 1984 թ. ծնված Խորեն Խաչիկյան:
Պարզվել է նաեւ, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել են եւս երկու անձինք, որոնց ինքնությունը պարզելու եւ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Խլղաթյանը՝ Արամավիրի մարզի Տարոնիկ գյուղի գյուղապետը, գտնվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում: Գյուղապետի վիճակը բավարար է, վիրահատությունը հարթ է ընթացել: Ըստ վիճակի կայունացման՝ նա մոտ օրերս կտեղափոխվի հիվանդասենյակ:
Իսկ 22-ամյա Արամ Կարապետյանը հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում: