Վերջին շրջանում արդեն բավականին տեղական արտադրության ֆիլմեր դիտելուց հետո կամաց-կամաց ուրախանում եմ մեր ֆիլմարտադրության համար: Երեկ առիթ եղավ «Արամմա» ֆիլմը դիտելու, նախ վերնագիրը հետաքրքրեց, հետո գույները, բնությունը՝ տեսողական առումով ամեն ինչ գերազանց էր:
Բնապատկերներն ու հերոսներն այդ ֆոնին տեղ-տեղ նույնիսկ համոզիչ էին: Սկզբում չհավատացի. որ Հայաստանում է նկարահանված, այնինչ պարզվում է Իջևան քաղաքի մոտ, Լաստիվեր կոչվող վայրում: Օրերը բացվեն` կարելի է ընտանիքով այցելել և վայելել այդ հրաշք բնությունը:
Բայց ամենահետաքրքիրն ու պահողը ֆիլմի լեզուն էր, այն լեզուն, որով խոսում էին «հայ աբորիգենները», սկզբում փոքր ինչ անհասկանալի, բայց ընթացքում ակներև նման հայերենին՝ ֆիլմի ստեղծողներին հատուկ բառային ու տառային հումորներով:
Ի դեպ, հումորն այս ֆիլմում չէր գերակշռում, որն ինձ ավելի դուր եկավ, նույնիսկ ափսոսացի. որ կատակերգություն է. կարելի էր նման տարածքում ու նման մտահղացմամբ լուրջ ֆիլմ էլ նկարել:
Ինչևէ հումորն էլ չձանձրացրեց, նույնիսկ Անդո- Հանդոյի կերպարն էր բավական, որ այս ֆիլմը համարվեր հումորային: Ինչ վերաբերում է պատմությանը, սա ինչ-որ նոր, հեքիաթային, հորինված հանգամանքների հերթականություն է, որը կարծում եմ երիտասարդ ու պատանի կինոդիտողին կհետաքրքրի:
Ծպտված կյանք մեկ այլ քաղաքակրթության մեջ, երբ ստիպված ես ապրել, շարժվել, նույնիսկ խոսել նրանց պես, ամենակարևորը չբացահայտվել ու փորձել շահել Հաննայի սիրտը, ով երևի մեր օրերում կլիներ ուղղակի Աննա: Երաժշտության մեջ ճիշտ ընտրված հայկական տարրեր կային, որոնք էլ ավելի էին ընդգծում այս վայրի ցեղի հայկական ծագում ունենալը: Տղաս և ամուսինս ավելի կլանված էին նայում, ի տարբերություն ինձ մասնագիտական թերություններ չտեսնելով, նույնիսկ երեկոյան տանը կրկնում էին ֆիլմում հնչած արտահայտություններից, որոնք ի դեպ՝ ոչ գռեհիկ էին և ոչ անպարկեշտ:
Մի խոսքով՝ ստացված ֆիլմ, անկեղծ ասած 32 տղաներից այսպիսի բան չէի սպասում,
կարծում եմ այս ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին և հուսով եմ երկար կմնա էկրաններին:
ԿԻՆՈքննադատ - ֆեյսբուք