Երեկ ՀՀ մաքսային ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առևտրի մասին պաշտոնական տվյալները: Ըստ այդմ` Հայաստան ներկրվող ռուսական գազի հազար խորանարդ մետրի գինը 247 դոլար է: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակը»:
Սա 67 դոլարով կամ 37 տոկոսով ավելի թանկ է այն գնից, որը դրված է ՀՀ-ում սպառվող գազի սակագնում` 180 դոլար: Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի թեման ուղղակիորեն կապված է ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ: Այն, որ պաշտոնյաները պնդում են, թե գազը չի թանկացել` ունի իր հիմնավոր պատճառը, եթե խոստովանեն, ապա պետք է բարձրացնեն նաև ներքին սակագինը: Այն պետք է բարձրանար դեռ անցած տարի, բայց պոպուլիստական նկատառումներով հետաձգվեց. Աժ ընտրություններն էին: Հետո ՀՀԿ-ն սկսեց նախապատրաստվել 2013-ի նախագահական ընտրություններին: Հետո «խիարը թարս բուսնեց» ու սակագնի բարձրացումը էլի հետաձգվեց` հիմա արդեն մինչև Երևանի ավագանու ընտրությունների ավարտ: Իսկ այս հետաձգումների պատճառով Հայաստանը կուտակել է գրեթե 200 միլիոն դոլարի պարտք Ռուսաստանին, որը չի արձանագրվում արտաքին պարտքի ցուցանիշում: