Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Արմավիա» ավիաընկերությունը, իր կուտակած պարտքերից բացի, չի վճարել նաև ՀՀ պետբյուջեին հասանելիք օդի տուրքի գումարը: «Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող 10.000 դրամը 2009թ. մարտից ներառվեց տոմսի գնի մեջ: Եվ այդ հավաքագրված գումարներն ավիաընկերությունները պարտավորվել էին փոխանցել ՀՀ պետբյուջե: Փաստորեն, արդեն 4 տարի շարունակ «Արմավիա»-ն այդ գումարներն ուղևորներից գանձել է, սակայն պետությանը չի վճարել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը «Ժողովուրդի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել «Արմավիա»-ի`օդի պարտքի խնդիրը` առաջարկելով դիմել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչություն: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն իր հերթին մեզ տեղեկացրեց. «Դա չի վերաբերում ավիացիոն խնդիրներին, այն ֆինանսական խնդիր է: Դա ավիացիոն վարչության գործառույթների և կոմպետենտության շրջանակում չէ»: Փորձեցինք կապ հաստատել նաև «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին»,- գրել է թերթը:
«Արմավիան» չի վճարել նաև պետբյուջեին հասանելիք օդի տուրքի գումարը


