Լրագրող Հակոբ Կարապետյանը, ով օրեր առաջ ծեծի էր ենթարկվել Նոր Նորք համայնքում` քարոզարշավի ժամանակ, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հինգ օր առաջ Աշոտ Պապայանը եւ մի խումբ մարդիկ բազմամարդ տարածքում, ՀՀԿ քարոզչական հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ, բռնի կերպով խոչընդոտեցին իմ լրագրողական գործունեությունը, մարմնական վնասվածք հասցրին ինձ, հայհոյեցին, խլեցին ձեռքիցս տեսախցիկս եւ ջնջեցին միջից բոլոր ֆայլերը: Ոստիկանությունը քրեական գործ դեռ չի հարուցել: Իմ բոլոր պնդումները եւ աջակցությունը ոստիկանությանը՝ բացահայտելու այս, թվում է, թե բացահայտ հանցագործությունը, իզուր են:
Ոստիկանությունը դեռ չի որոշել՝ քրեական գործ հարուցե՞լ օրը ցերեկով բազմամարդ վայրում կատարված հարձակման փաստով, թե ոչ: Ոստիկանության քննիչներն ակնարկում են, որ այս վիճակը կարող է դեռ շաբաթներ տեւել: Ոստիկանության քննիչները, փոխանակ հանցագործներին (գոնե՝ նրանցից մեկին, որի անձը ինձ հաջողվել է պարզել՝ Աշոտ Պապայանին) բերման ենթարկելու, փորձում է հիմքեր փնտրել՝ ապացուցելու, որ ես պատշաճ կերպով չեմ ներկայացել որպես լրագրող: Մինչդեռ ես, թեեւ «բեյջ» չեմ կրել, (պարտավոր էլ չէի, քանի որ հրապարակային միջոցառում էր, բացի դրանից՝ որեւէ մեկը չի էլ պահանջել) բայց հարձակումից առաջ եւ դրա ընթացքում անընդհատ շեշտել եմ, որ լրագրող եմ, եւ դա լսելի էր ոչ միայն հանցագործներին, այլեւ հավաքված մարդկանց: Նույնիսկ հանցագործներին հանգստացնելու համար զգուշացրել եմ մի քանի անգամ, որ նրանց արարքը պատժելի է:
Ուշագրավ է, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ կերպով կարգապահական տույժի է ենթարկել «Նոր Նորքում լրագրողի նկատմամբ ավագանու անդամի արածի» (ձեւակերպումը Գասպարյանինն է) ժամանակ ոչ պատշաճ ծառայություն իրականացրած ոստիկանների, բայց քրեական գործ դեռեւս չկա: Քննիչն ասում է, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել: Մինչդեռ, դատաբժշկական փորձաքննությունը վերաբերում է շրթունքիս վրա հարվածից հետո մնացած վերքին, որը, անզեն աչքով էլ երեւում է, որ թեթեւ մարմնական վնասվածք է:
Երեկ ոստիկանությունը տեղեկացրեց, որ «դեպքի կապակցությամբ բացատրություն են տվել Հակոբ Կ.-ն եւ Աշոտ Պ.-ն»: Այն, որ բացատրություն տալուց հետո դեռ Աշոտ Պ.-ն ազատության մեջ է, հիմք է տալիս ինձ ենթադրելու, որ նա հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Հուսով եմ՝ սխալվում եմ: Իսկ եթե ոչ՝ առավել եւս համոզված եմ, որ փորձ է արվում լղոզել, կոծկել, քնեցնել գործը:
Խոսուն փաստ. Արդեն չորս օր լրատվամիջոցները գրում, հեռարձակում են Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի կատարած հանցանքի մասին: Պապայանը հանրային անձ՝ մայրաքաղաքի ավագանու անդամ լինելով, իր հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ որեւէ հրապարակային մեկնաբանությամբ, որեւէ հերքող հայտարարությամբ հանդես չի եկել:
Այնուամենայնիվ, հատկապես լրագրողական եւ իրավապաշտպան հանրության գործընկերներիս բուռն արձագանքը եւ միջադեպը ուշադրության կենտրոնում պահելու հաստատակամությունը ինձ հուսադրում եւ վճռականություն են հաղորդում՝ պայքարելու մինչեւ վերջ: Կրկին հայտարարում եմ՝ ես առավել քան փայլուն կերպով հիշում եմ ինձ վրա հարձակվողների դեմքերը, առավել քան վստահ եմ, որ ինձ հարվածել եւ մարմնական վնասվածք է հասցրել Աշոտ Պապայանը՝ «Տուրբոն»: Ես շատ լավ հիշում եմ, որ գոռում էի, որ լրագրող եմ, եւ դա լսում էին ոչ միայն հանցագործները, այլեւ հավաքված մի քանի տաասնյակ մարդիկ, այլեւ շենքի լուսամուտներից նայող բնակիչները:
Ուստի, պնդում եմ՝ կամ Աշոտ Պապայանը եւ մյուսները արժանի պատիժ կկրեն, կամ թող ինձ մեղադրեն զրպարտության մեջ:
Հանրությունը գիտի, որ ինձ ծեծել են, հայհոյել են, խոչընդոտել են լրագրողական գործունեությունս: Հանրությունը պետք է իմանա, որ Աշոտ Պապայանը եւ մյուսները զղջում են կատարվածի համար, նա պետք է ներողություն հայցի ինձանից եւ լրագրողական հանրությունից»: