Հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները: Վերլուծվել են անցկացված մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբային պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կրման պայմանների և թիկունքային ապահովման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները: Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու, զինծառայողների ինքնուրույնության ու նախաձեռնողականության աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը: Ձեռք են բերվել ժամանակակից հեռահար, ճշգրիտ միջոցներ, լրակահավորվել և տարբեր միջոցներով հագեցվել են մարտական հենակետերը, ինժերենական ամրաշինական կառույցներն ու արգելափակոցները: Շահագործման են հանձնվել ռազմական նշանակության մի շարք նոր օբյեկտներ, թարմացվել է զորամասերի ուսումնանյութական բազան: Հրամանատարի և զինվորի ճիշտ փոխգործակցության, նոր մարտավարական ձևերի կիրառման շնորհիվ նշյալ միջոցառումները թույլ են տվել վերահսկելու հակառակորդի շարժը, դիմագրավելու յուրաքանչյոր ոտնձգության՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով պատժիչ գործողություններ, լիարժեք կերպով կատարվել է պետական սահմանի պահպանության խնդիրը:
«Փառք ու պատիվ ամեն օր խաղաղություն պարտադրող հայ զինվորին ու սպային և ակնածանքով խոնարհում զոհված զինծառայողների հիշատակի առջև»: Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերը` երախտիքի այս խոսքերով է իր եզրափակիչ խոսքը սկսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արձանագրված հաջողությունների խորապատկերում բարձր գնահատելով ազգային բանակի յուրաքանչյուր օղակի դերն ու նշանակությունը` Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել առկա որոշակի բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ 2016 ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:
Շնորհակալություն հայտնելով լարված, քրտնաջան աշխատանքի և բարեխիղճ ծառաության համար` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր հերթին նկատել է, որ աշխարհում ստեղծված ռազմաքաղաքական անկանխատեսելի իրադրության պայմաններում տարեցտարի ավելի է բարձրանում զինված ուժերի դերն ու նշանակությունը, առավել համախմբված ու համարձակ գործելու անհրաժեշտությունը, հորդորել է նոր ուսումնական տարում ևս ջանք ու եռանդ չխնայել առկա հաջողությունները բազմապատկելու համար: