«Հին Նոր տարի». տոն, որը հուշ է մնացել խորհրդային ժամանակներից և ազդարարում է ամանորյա տոնախմբությունների ավարտը: Ամանորի, նրա խորհրդի մասին YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) խոսեց երգիչ Էրիկի հետ:
Էրի՛կ, սիրո՞ւմ եք Ամանորը և ինչով է այն Ձեզ համար այն յուրահատուկ:
- Չգիտեմ, կա՞ այդպիսի մարդ, ով չի սիրում Ամանորը: Բայց, այս վերջերս նկատում եմ, որ ինչ-որ ձևական սեր կա ամանորի նկատմամբ. մարդիկ պարտքով ապրանքներ են գնում, որպեսզի զարմացնեն մեկը մյուսին: Ինձ համար ամանորը եղել է «ռեստարտի» ևս մեկ առիթ, մենք երբեմն մոռանում ենք ամեն օրը սկսել նորից, նոր տարին ստիպում է, որ գոնե այդ 366 օրվա ընթացքում մեկ օր մեր կյանքը սկսենք նորից, ուրախ տրամադրությամբ, որովհետև շատ մարդիկ կան ամբողջ տարվա ընթացքում տխուր, ջղայն դեմքերով են, իսկ ամանորը ժպիտ է բերում, բոլորը փորձում են բարիանալ, ավելի լավը դառնալ: Ես նույնպես այն մարդկանցից եմ, ովքեր ուրախանում են ամանորին: Հենց այս է, որ ինձ ուրախացնում է. ոչ մի նյութական նվեր, իր ինձ այդքան չեն ուրախացնում, ինձ ուրախացնում է այն, որ մարդիկ այդ օրը ժպտում են, ուրախ են... ցանկանում եմ, որպեսզի այս տարի էլ բոլորը ժպտան, ուրախանան և տարին սկսեն ժպիտներով: Թող տխրություն ոչ ոքի ընտանիքում չլինի:
Իսկ, ո՞ւմ հետ եք սիրում անցկացնել ամանորը:
- Միշտ էլ ընտանիքի հետ ենք անցկացրել: Այն ժամանակ, երբ Թբիլիսիում էինք դեռ ապրում, Հայատանը տարբերվում էր այնտեղի ժամային գոտուց: Այսպես էր ընդունված. սկզբում Հայաստանի ժամով էինք նշում, մեկ ժամ հետո Ռուսաստանի ժամով, հետո Թբիլիսիի: Մենք երեք ժամով էլ նշում էինք Նոր տարին: Որպես հայ հայկական ժամանակով էինք նշում, որպես Վրաստանի բնակիչներ՝ Վրաստանի, իսկ Խորհրդային հուշերի ազդեցության տակ նշում էինք Ռուսաստանի ժամով: Հիմա, ցավոք սրտի, այնպես է ստացվել, որ Վրաստանում բոլորը նշում են միայն Վրաստանի ժամով, հայերն էլ նաև Հայաստանի: Ես հիշում եմ, որ մենք երեքն էլ տոնել ենք:
Իսկ հիմա, այնպես է ստացվել, որ աշխատանքի բերումով, այդ պահին աշխատանքի եմ լինում: Արդեն 7 տարի է Նոր տարին դիմավորում եմ երգով. կամ երգում եմ այդ պահին, կամ պատրաստվում երգելու: Հետո՝ հունվարի 1-ին, միանում եմ ընտանիքիս. ավանդույթ է՝ գնում եմ Թբիլիսի:
Նախորդ 2015թ.-ը Ձեզ համար ինչով էր հիշարժան:
- 2015թ.-ի ամենամեծ նվերն ինձ համար իմ մենահամերգն էր, որին ես երկար տարիներ աշխատել եմ, որպեսզի իրականանա: Այս տարին ես համարում եմ շատ ստացված տարի ինձ համար, որովհետև թե՛ ձայնասկավառակ ունեցա, որին նույնպես երկար էի սպասում և շատ լավ ձայնասկավառակ է ստացվել, թե՛ համերգ, որի մասին երազել եմ ուղղակի: Իսկ նյութական նվերների մասին այս պահին մոռանում եմ ուղղակի:
Իսկ ամենամեծ նվերը ես կարծում եմ խաղաղությունն է մեր ընտանիքներում, մեր երկրում, որեսզի մենք կարողանանք այն գործը, որին նվիրվում ենք, հանգիստ սրտով ավարտին հասցնել: Դա է ամենամեծ նվերը:
Էրի՛կ, ամանորյա հրաշքին, Ձմեռ պապին, երազանքների իրականացմանը հավատո՞ւմ եք:
- Ձմեռ պապիկը ընդամենը խորհրդանիշ է, իսկ հավատալ հրաշքին միանշանակ պետք է, հավատքը շատ լավ բան է, եթե հավատում ես անպայման իրականանում է: Դա կբերի Ձմեռ պապիկը, թե Ձյունանուշիկը, այդքան էլ էական չէ: Կարևորը հավատալն է և մեկ օր հաստատ կիրականանա: Ես ամեն դեպքում հավատում եմ:
Ամանորի կապակցությամբ շնորհավորանք ունե՞ք Ձեր երկրպագուներին:
- Ես շնորհավորում եմ բոլորին և իմ երկրպագուներին առանձնահատուկ: Որպես արտիստ ուզում եմ այս տարին ոչնչով չզիջի 2015թ.-ին, որովհետև ես և երկրպագուներս մեծ ձեռքբերումներ ունեցանք: Իսկ որպես մարդ կմաղթեմ բոլորին առողջություն, գործերին հաջողություն, լինեն ժպտերես, ուրախ, վարակեն մեկը մյուսին այդ ժպիտով և բոլորս ապրենք շատ լավ երկրում: Խոսքս վերաբերում է նաև մարզերին, որովհետև Երևանովչի սահամանափակվում Հայաստանը: Այն, որ Երևանում տոնածառ են դնում չի նշանակում, որ միայն Երևանինն է:
Հուսով եմ, որ եկող տարի սահմանին խաղաղ կլինի և դա մարդկանց ուրախություն կպարգևի, մենք էլ Երևանում ասեղների վրա չենք լինի: Դա ամենակարևորն է: