Հայրենիքը սկսվում է սահմանից. արդեն մեկ տարի է, ինչ այս գաղափարն ավելի է ամրապնդվում Հայաստանում: Նախորդ տարի ուժի մեջ մտավ սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքներին տրվող կոմունալ վճարների փոխհատուցման քաղաքականությունը:
Այս տարին սահմանամերձ համայնքների բնակիչների համար սկսել է լավ լուրերով: Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2015թ. հունվարի 15-ի համապատասխան որոշման մեջ, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում: Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ առաջարկվում է անփոփոխ թողնել կառավարության կողմից սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը:
Կառավարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների ցանկ են ներառվել 9 քաղաքային համայնք՝ Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ, Նոյեմբերյան, Բերդ: Սակայն մարտական գործողություններից առավել տուժած քաղաքներ են համարվում Բերդը և Ճամբարակը, ուստի դրանք ներառվել են արտոնությունից օգտվողների ցանկ:
2016-ին կշարունակվի սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվող բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման քաղաքականությունը:
Արմեն Հովասափյան