Խորհրդակցության ընթացքում անդրադարձեր են կատարվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ու զորամասերի հրամանատարների համագործակցությանը, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարվա ընթացքում իրականացված կանխարգելիչ միջոցառումներին: Ներկայացվել են զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման ու կանխարգելման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ աշխատանքները, զինվորական ավտոծառայության կողմից իրականացված միջոցառումները, արձանագրված տրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու դրանց կանխարգելման ուղղությամբ հետևողականորեն իրականացվող քայլերը:

Հաշվետու զեկույցում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ս. Ղուկասյանը նշել է, որ անցած տարվա ընթացքում արվել է առավելագույնը բացասական ազդեցություն ունեցող երևույթների կանխման, զինծառայողների շրջանում կանոնադրային հարաբերությունների պահպանման և հնարավոր հանցագործությունների թիվը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տարվա ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունավետությունը: Հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև 2015 թվականին զինված ուժերում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, դրանց թվում առանձնացնելով մասնավորապես զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության, կադրային քաղաքականության, թիկունքային ապահովման, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական մասնագետ կադրերի պատրաստման, անձնակազմի բուժսպասարկման և այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները:

Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և հերթական զինվորական կոչումներով: