Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մասնակցել են ԼՂՀ ՊԲ ռազմական խորհրդի նիստին: ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացված նիստին, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. բանակային տարվա արդյունքները, ներկա են գտնվել հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ուժային կառույցների ղեկավարները, բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմը, զինկոմիսարիատների և զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
2015թ. մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության արդյունքների շուրջ հաշվետու զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը, ով անդրադարձել է նշված ոլորտներում արձանագրված ինչպես դրական ցուցանիշներին, այնպես էլ այն ուղղություններին, որոնք պահանջում են հետագա՝ առավել համակարգված և նպատակային աշխատանքներ: Զեկույցներ են հնչել նաև ՊԲ մարտական, կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստության համալիր միջոցառումների, մարտական դիրքերի բարելավման և պլանային ինժեներական աշխատանքների, զինվորական կարգապահության վիճակի և դաստիարակչական աշխատանքի արդյունքների վերաբերյալ:
Նիստի ընթացքում հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը՝ 2015թ. ուսումնական տարվա արդյունքների մասին, համաձայն որի նշված ժամանակահատվածում լավագույնը ճանաչված զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարներին, բաժինների և ծառայությունների պետերին հանձնվել են արձանագրված արդյունքների մասին վկայող փոխանցիկ պատվոդրոշներ: Ծառայողական պարտականությունների կատարման մեջ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:
Ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրային գործընթացների իրականացման գործում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարարը խորհրդանշական հուշանվեր է հանձնել Արցախի իր պաշտոնակից Լևոն Մնացականյանին:
Ամփոփիչ խոսքում ՊԲ հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2016թ. կարևորագույն խնդիրների վրա՝ մասնավորապես շեշտը դնելով ուսուցման ու իրականացվող առաջադրանքների փոխկապակցվածության, նախորդ տարվա արդյունքներից համապատասխան հետևություններ կատարելու, կազմակերպվելիք գործընթացներն ու միջոցառումներն առավել հասցեական և նպատակային կերպով կյանքի կոչելու հարցերին: