«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 38-ամյա Արթուր Ջավադյանը ինքնասպանության փորձ է կատարել:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել պատժախցում, երեկոյան ուշ ժամի: Պարզեցինք, որ պատժախցում գտնվող մյուս դատապարտյալները տեսել են վերջինիս այդ վիճակում և աղմուկ են բարձրացրել, ինչից հետո հաջողվել է փրկել Արթուր Ջավադյանի կյանքը: Իսկ ինչն է մղել դատապարտյալին այդ քայլին գնալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ դատապարտյալներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ Արթուր Ջավադյանի անվան հետ կապված ՔԿՀ-ի դատապարտյալները տարբեր անձնական բնույթի լուրեր են տարածել, ինչը խիստ անհանգստացրել է նրան: Արթուր Ջավադյանը որևէ կերպ չի կարողացել պաշտպանվել այդ խոսակցություններից և այլ տարբերակ չունենալով՝ ինքնասպանության փորձ է կատարել:

Ի դեպ, հավելենք, որ դեպքից հետո Արթուր Ջավադյանին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ: Իսկ ինչի՞ հետևանքով է Արթուր Ջավադյանը հայտնվել քրեակատարողական հիմնարկում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013 թվականին, մարտի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արթուր Ջավադյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով պատի վրայով մուտք է գործել Երևանի Արցախի փողոցի 55 հասցեում գտնվող «Ինժգլոբալ» ԲԲ ընկերությանը պատկանող արտադրամաս և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` 306.000 դրամ արժողության պղնձյա մալուխներ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: