Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տուն, հյուրընկալվել պատգամավորին: Հանդիպումը տևել է մոտ քառասունհինգ րոպե: «Հայկական ժամանակը» գրում է, որ առաջին նախագահի այս մասնավոր այցը կապված է ՀԺԿ առաջնորդի վերջերս ունեցած առողջական խնդիրներով: Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ ամենայնի, այցելել է Ստեփան Դեմիրճյանի առողջությամբ հետաքրքրվելու համար: Այս այցը կարևոր է նաև Հայ ազգային կոնգրեսում վերջին շրջանում տեղի ունեցող խմորումների համատեքստում: Վերջին շրջանում հաճախակի էին դարձել խոսակցությունները, որ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած կուսակցությունը՝ ՀԺԿ-ն, նույնպես պատրաստվում է լքել ՀԱԿ-ը: Անցյալ շաբաթավերջին, Դեմիրճյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում հերքեց այդ լուրերը, ասելով, որ ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը:
ՀԱԿ-ը պատրաստվում է մարտի 1-ին հանրահավաք և երթ անցկացնել՝ ի հիշատակ 2008 թվականի «Մարտի 1»-ի սպանդի ժամանակ զոհվածների: ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը հայտարարել է, որ իրենք արդեն դիմել են Երևանի քաղաքապետարան միջոցառման մասին իրազեկելու, ինչպես նաև ասել է, որ այդ հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք դա լինելու է զուտ հիշատակի հանրահավաք, մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, թե նաև հնչելու են քաղաքական ելույթներ, Հայ ազգային կոնգրեսում, ինչպես երեկ հայտնել են «ՀԺ» թղթակցին, դեռ չեն որոշել:
Իսկ ահա վերջին տարիներին, կոնգրեսի շարքերը լքած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և առանձին անհատներ, խուսափել են ուղիղ պատասխանել «ՀԺ» թղթակցի հարցին, թե արդյո՞ք իրենք մի կողմ կդնեն տարաձայնությունները և կմասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին: Միայն ՀՈԻՊ նախագահ Գառնիկ Մարգարյանն է ասել, որ եթե խոսքը գնում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպվող հանրահավաքին, ապա իրենք անշուշտ, կմասնակցեն դրան:


