«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված խմբի գործով ուշագրավ բացահայտում են կատարվում: Շուրջ երկու ամիս է անցել, և դատելով մինչ այս ստեղծված իրավիճակից ու ԱԱԾ-ի կողմից խմբի անդամների հեռախոսային խոսակցություններից, հանդիպումներից՝ այս գործով կալանավորվածների թիվը կհասնի մի քանի հարյուրի:

Անցած տարվա նոյեմբերին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի անդամների մի մասը, պարզվում է, իմացել է, որ իրավապահները հետևում են իրենց գործունեությանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալությունից շաբաթներ առաջ խմբի անդամները Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի անտառներում «զորավարժություններ» են անցկացրել. սովորել են զենքի հետ վարվեցողության կանոնները:

Այդ օրերին ԱԱԾ-ի աշխատակիցներն արդեն սկսել են այցելել խմբի անդամների հարազատներին և նրանց մասին հարցուփորձ են արել: Այդ հանգամանքը խմբի անդամների մոտ տարակուսանք է առաջացրել, քանի որ նրանք իմացել են, որ իրենք պատրաստվում են Լեռնային Ղարաբաղ գնալու համար, հետևաբար, անհասկանալի է եղել, թե ինչու է ԱԱԾ-ն սկսել իրենցով հետաքրքրվել: Ազատամարտիկներից մի քանիսը խմբի ղեկավար Արթուր Վարդանյանից հետաքրքրվել են, թե ինչու է ԱԱԾ-ն իրենցով հետաքրքրվում, ինչին նա պատասխանել է, թե մտահոգվելու կարիք չկա, եթե հարկ լինի՝ իրավաբան կարող են հրավիրել: Բայց կյանքը ցույց տվեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր Վարդանյանի հետ զրուցելու առիթ են ունեցել, կալանավորվեցին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: