Քաղաքական համակարգում գոյություն ունեցող մշտական խնդիրներից մեկը կայունության ապահովումն է: Ինչը նշանակում է շրջակա միջավայրի փոփոխությունների և ցնցումների ժամանակ համակարգի ինստիտուտների, ինչպես նաև նրանց նպատակների և դերերի հիմնական ֆունկցիաների պահպանության ապահովում:

Քաղաքական կայունությունը հասարակության հաստատունության մի իրավիճակ է, որը հնարավորություն է տալիս հասարակությանը, չնայած ներքին և արտաքին լուրջ ազդակների, զարգանալ և արդյունավետ գործունեություն ծավալել, դրա հետ միաժամանակ ապահովում է հասարակական փոփոխությունների կայուն և անցնցում, էվոլուցիոն փոփոխությունները:

Հավանաբար առաջին պետությունը, որն զգացել է կայունության` որպես բնակչության բարեկեցության գլխավոր հանգամանք անհրաժեշտությունը, եղել է հին Չինաստանը, որն առաջնորդվում էր Կոնֆուցիոսի պետական դոկտրինով: «Աստված չանի, որ դուք ապրեք փոփոխությունների ժամանակաշրջանում», այս ասացվածքը մինչև հիմա չինացիների լավագույն բարեմաղթանքն է, որը, որպես կանոն, մաղթում են առողջություն և հաջողություն մաղթելուն զուգահեռ:

Քաղաքական կայունությունը տնտեսական զարգացման և երկիրը տնտեսապես ավելի գրավիչ դարձնող կարևոր բաղադրիչներից մեկն է: Այս հասկացությունն ի հայտ է եկել անգլիական և ամերիկյան քաղաքագիտության մեջ, որտեղ այն կիրառվում էր քաղաքական համակարգի փոփոխությունների օպտիմալ մեխանիզմների և գործառնությունների որոնման վերլուծության համար:

Քաղաքական կայունությունն իր մինիմումին է հասնում բոլոր հեղափոխությունների ժամանակ, որի նորարարական ազդեցությունը շատ հաճախ հասարակության շրջանում կտրուկ բարձրացնում է փոփոխությունների ձգտումը, միաժամանակ, սակայն, ակնհայտ են կործանարար հետևանքները: 1907 թվականի մայիսին Ռուսական կայսրության վարչապետ, հայտնի ռեֆորմատոր Պյոտր Ստոլիպինը՝ հանդես գալով Պետդումայում, ասել է. «Պետականության հակառակորդները ցանկանում էին ընտրել ռադիկալիզմի ճանապարհը՝ Ռուսաստանի անցած պատմական ուղին մոռացության մատնելու համար, այն ազատելով մշակութային ավանդույթներից, նրանց անհրաժեշտ են հզոր ցնցումներ, իսկ մեզ անհրաժեշտ է ուժեղ Ռուսաստան (խոսքը բոլշևիկների առաջին հեղափախական փորձերի մասին էին, որոնք տապալվեցին ցարական ուժերի կողմից, հիմնական գործող անձանցից մեկը հենց Ստոլիպինն էր)»:

Տարածված կարծիք կա, թե դեմոկրատական պետությունում քաղաքական կայունություն ապահովելն անհնարին է, որ կայունություն ապահովվում է միայն կոնկրետ քաղաքական ուժի տևական ժամանակ իշխանության ղեկին լինելու պարագայում միայն, և դա արվում է միայն քաղաքական անազատություն կիրառելու միջոցով: Փորձը ցույց է տալի, որ նման համակարգերը ուտոպիստական են: Միակուսակցական և այլընտարքային իշխանություն չապահովող կառավարման համակարգերը չեն համապատասխանում մշտապես փոփոխվող միջավայրերին, նրանք գործում են անարդյունավետ և հակված են լճացման:

Արման Հովասափյան