Եթե Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու նախադրյալներ չլինեին, ՀՀ կառավարությունը դժվար թե դիմեր ռուսական կողմին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով հարցին, թե կան նախադրյալներ, որ ռուսական կողմը չի մերժի գազի գինը նվազեցնելու հայկական կողմի խնդրանքը:
Նախարարն ասաց, որ կառավարությունը դիմել է, և պատասխանը լինելուն պես բոլորն այդ մասին կիմանան:
«Աներկբա է, որ էներգակիրների գները տնտեսության համար կարևոր նշանակություն ունեն: Դա վերաբերում է ոչ միայն գազին»,- ասաց Ճշմարիտյանը՝ հավելելով, թե իր կարծիքով տնտեսվարողների, հատկապես նրանց համար, ովքեր գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մեծ սպառողներ են, այդ հնարավորությունը չօգտագործելը սխալ է: