ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ:
2016 թվականի հունվարի 18-ին ահազանգ է ստացվել, որ հունվարի 17-ին առևանգել են 38-ամյա մի տղամարդու՝ պարտքը չվերադարձնելու համար։
Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը Սասունցի Դավիթ փողոցում հանդիպել է պարտքատիրոջը, ով եղել է մի քանի այլ անձանց հետ։ Վերջիններս տղամարդու կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝ նրան տեղափոխելով Երևան քաղաքի Նոր-Արեշում գտնվող մի ավտոտնակ, որտեղ պահել են մինչև հունվարի 18-ը, ապա՝ ազատ արձակել:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործություն կատարած անձանց։
Նախաքննությամբ պարզված փաստական այլ տվյալների մասին հավելյալ այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։