Հիշեցնենք, որ «Մոսկվիչկան» պատկանում էր Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին և գրանցված էր «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ անվան տակ։ Նազարյանի որդու ղեկավարած ընկերությունը, սակայն, մատակարարների հանդեպ հսկայական պարտքեր կուտակեց, որոնք չկարողացավ մարել և ստիպված փակվեց։ Մատակարարների պարտքերը չվերադարձվեցին, արդյունքը՝ սկսվեց դատական գործընթաց։ Եվ, ինչպես լինում է այդպիսի դեպքերում, ընկերությունն սկսում է սնանկացման գործընթաց, որպեսզի «օրինական» ճանապարհով խուսափի արտքերը վճարելուց։ Իսկ պարտքի չափը բավականին զգալի գումար է: Մեր տեղեկություններով՝մոտ 4 մլն դոլարի կարգի:

Մի քանի ամիս առաջ դատարանն արդեն վճիռ է կայացրել այս գործով՝ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ընկերությանը ճանաչելով սնանկ։ Նշանակվել է լուծարային կառավարիչ՝ Արսեն Չիտչյանը։ Այսինքն՝ այժմ ընթանում է տվյալ ընկերության բալանսի վրա գրանցված գույքի հայտնաբերման, ուսումնասիրման և դրա վաճառքի գործընթացը, որպեսզի գոյացած գումարով վճարեն պարտքերը։

Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր կա։ Նազարյաններին պատկանող ընկերության գույքը տարբեր բանկերում գրավ է դրված երրորդ անձանց անունով։ Այսինքն՝ այդ գույքն աճուրդի հանելու և վաճառելու արդյունքում գումարը նախ այդ երրորդ անձին է գնալու։ Չի բացառվում, որ այդ երրորդ անձը հենց իրենց մարդը լինի, որ գումարը, ի վերջո, իրենց մնա։ Արդյունքում մատակարար-պարտատերերը դարձյալ ձեռնունայն կմնան։

Azdarar. am կայքից տեղեկացանք, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված, երրորդ անձի պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին։ Այստեղ անշարժ և շարժական գույքի բավականին մեծ ցանկ է նշված` տարածքներից մինչև տարատեսակ ավտոմեքենաներ, այդ թվում՝ 2007 թվականի արտադրու– թյան Lexus LS 460 L սեդան և Audi A 8, որոնք երկուսն էլ բարձր դասի թանկարժեք մեքենաներ են: Նաև հողամասեր, տարածքներ Երևանում և Երևանից դուրս»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: