Հանուն Օրենքի հասարակական շարժումը դատապարտում է Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում:

2016թ-ի հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական զեկույցների շուրջ, որոնք պատրաստված են Բրիտանիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչների կողմից: Հատկապես մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է բռնիչներ և զավթիչներ` այսպիսով թև և թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահելաոճին` վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում:

ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միմիայն Ադրբեջանի շահերից: Մենք չենք հանդուրժելու որևիցե ընդվզում Ղարաբաղի ԱԶԱՏԱԳՐՎԱԾ տարածքների նկատմամբ և պատրաստվում ենք մեր բողոքը արտահայտել այստեղ՝ Բրիտանիայի դեսպանատան առջև, հունվարի 25-ին, ժամը 14:00 –ին:

Կոչ ենք անում ողջ հայությանը հունվարի 25-ին, ժամը 14:00–ին մեկ մարդու նման լինել Բրիտանիայի դեսպանատան առջև, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ասել ստիպել հայերին հանձնել սեփական հողը, որի համար զոհվել են մեր հայրերը, եղբայրները, քույրերը: Որպեսզի ցույց տանք, թե ինչ ուժ ունի հայ ազգը, որը միավորվում է պաշտպանելու սեփական օջախը, քաղաքը, երկիրը: