ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ հունվարի 22-ին, մասնակցել է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, սփյուռքի, առողջապահության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ու ՀՀ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում նշված պետական մարմինների կողմից ներկայացվել է տարեկան հաշվետվություն՝ 2015 թվականի ընթացքում երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու ուղղությամբ տարված աշխատանքների և կազմակերպված միջոցառումների մասին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր ելույթում կարևորել է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանք-ներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կարևորությունը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: «Մարմնով և ոգով ամուր, ֆիզիկապես կոփված երիտասարդներն են, որ զօր ու գիշեր ծառայելով հայկական բանակում՝ պաշտպանում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը»,- ասել է նախարար Ղազարյանը և ավելացրել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը լուրջ ուշադրություն է դարձնում ֆիզիկապես առողջ և կոփված սերունդ կրթելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նա նաև խոսել է նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջոցով ռազմահայրենասիրական ծրագրերի կարևորության և դրանց հաջող իրականացման անհրաժեշտությաև մասին:
Որպես կատարված աշխատանքի գնահատական՝ նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար նախարարության մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրել է մի խումբ զինվորականների, ռազմական և մարզական ոլորտի ներկայացուցիչների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների:
Խորհրդակցության ընթացքում որոշվել է նախարարների տեղակալների մակարդակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կհամակարգի երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաև կիրականացնի խիստ վերահսկողություն դրանց իրագործման նկատմամբ:
Երիտասարդների շրջանում ռազմահայրենասիրական և ռազմամարզական աշխատանքների իրականացման համար պարգևների և պատվոգրերի են արժանացել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչները: