«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»:

Այսպիսի կարծիք է այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել Մերի Մարգարյանի մահվան գործով կասկածյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Պաշտպանը համոզված է, որ նա, ով մեղք ունի ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հետ կապված, խստագույնս պետք է պատժվի: Թե՛ իրենք, թե՛ Շուշանիկ Բախշյանը, թե՛ նրա ընտանիքը ցավակցություն են հայտնում Մերի Մարգարյանի ընտանիքի անդամներին:

«Դժբախտ դեպք է պատահել, սակայն «մենք մեղավոր չենք փնտրում, մենք փնտրում ենք մեկին, որի անունը նույնիսկ նորմալ չգիտենք, ընտրել ենք, չգիտես՝ ինչու, Շուշանիկ Բախշյանին, մենք արդարարությո՞ւն ենք փնտրում, թե՞ պարզապես զոհ ենք փնտրում»,- ասաց նա:

Պաշտպանը նշել է, որ 2015թ. օգոստոսի 1-ից «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհին երկու անգամ կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե՝ առանց ծանուցագրի: Ալեքսանդր Սիրունյանi խոսքով՝ Շուշանիկ Բախշյանը ցուցմունք է տվել: Ըստ նրա՝ Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունն ապօրինի է եղել:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, պաշտպանն ասաց. «Եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու»: