Նա, ով մեղք ունի ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հետ կապված, խստագույնս պետք է պատժվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

Նրա խոսքով՝ Շուշանիկ Բախշյանն ԱՄՆ մեկնելու անժամկետ վիզա ունի, բայց լինելով վկա՝ դիմում է գրել և հայտնել, որ մեկնում է արտերկիր, բայց վերադառնալու է: Ըստ պաշտպանի՝ հունվարի 22-ը պատահական ընտրված չի եղել, քանի որ «նրանք չէին սպասում», որ ձերբակալման դեմ բողոքը դատարան կհասցնեն դատարանը փակվելուց 20 րոպե առաջ. «Իրենց հույսը հետևյալն էր՝ ուրբաթ ձերբակալեինք, շաբաթ-կիրակի չի աշխատում, ոչինչ, երկուշաբթի տանում ենք, ժողովրդի լեզվով ասած, սանկցիայի»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, պաշտպանն ասաց. «Եթե մարդ դատվեց այս գործով, դա հաստատ Շուշանիկ Բախշյանը չի լինելու»: