«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ն ու ոստիկանությունը համատեղ օպերացիա արեցին՝ «դարի բացահայտումը»։ Մեծ աղմուկով, թատերականացված շոուի միջոցով ձերբակալվեց ու վնասազերծվեց զինված խումբ՝ Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ, որին մեղադրեցին Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով՝ հանցավոր համագործակցության, և 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Երբ այս բեմականացումը հասարակության կողմից ծաղրի ենթարկվեց, թե՝ հանրաքվեից շեղում են հանրության ուշադրությունը, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վիրավորված սկսեցին հերքել այդ կասկածներն ու փառաբանել օպերացիան իրականացնողներին։ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը իրագործվածը գնահատեց որպես «հրեշավոր հանցագործություն», իսկ ԱԱԾ քննչականի պետի տեղակալը հայտարարեց, որ «զինված խմբավորման անդամները դաժան և ցինիկ հանցագործություն էին պլանավորում՝ ուղղված քաղաքացիների և պետական մարմինների դեմ»։

Կալանավորվածների թիվն անցավ մի քանի տասնյակից։ Քիչ էր մնում իսկապես հավատայինք, որ «հրեշավոր հանցագործություն» են մեր քթի տակ նախապատրաստել, ԱԱԾ-ն սկսեց մեկը մյուսի ետևից ազատ արձակել կալանավորվածներին՝ կրկին վերակենդանացնելով «թատրոնի» մասին խոսակցությունները։ Անշուշտ, լավ է, որ քննությունն այնքան օբյեկտիվ է գնում, որ պարզվում է մարդկանց անմեղությունը, և նրանք ազատ են արձակվում։ Բայց բոլորի աչքի առաջ, շամշյանախառը կադրերով ու տեսանյութերով բացահայտման ժամանակ երիտասարդ աղջիկներին խոշոր պլանով ցուցադրում էին, մեղադրում ահաբեկչության, պետականության հիմքերը խարխլելու մեջ, այժմ հանդարտ ու անաղմուկ բաց են թողնում։ Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի, վնասները փոխհատուցի, վերականգնի հանիրավի մեղադրվածների բարի համբավը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: