Մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն ամփոփել է զինված ուժերի 2015 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրել ընթացիկ տարվա անելիքներն ու խնդիրները:
Նշելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում է ունենալ մարտունակ և ժամանակակից պահանջներին համապատասխանող բանակ, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծվել է, որ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները տվել են իրենց արդյունքները. զինված ուժերում առկա են հեռահար և ճշգրիտ սպառազինություն, ինժեներական հուսալի և անվտանգ կառույցներ, մարտունակ և առաջադրված խնդիրները պատշաճ կատարող ստորաբաժանումներ և զինված ուժերի համապատասխան կառուցվածք:
Զինված ուժերի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է հակառակորդի նկրտումները զսպող մարտական հերթապահության կազմակերպումը և այստեղ առանձնանում է առաջնագծում տեղակայված զորամասերի ու ստորաբաժանումների դերակատարությունը: Չնայած տարին լարված էր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճի և խոշոր տրամաչափի զենքերի կիրառման, ու հատկապես հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի առումով, այնուամենայնիվ, հայկական կողմը վերահսկել է իրավիճակն առաջնագծում` ցանկացած դեպքում տալով իրավիճակին համարժեք հակահարվածներ:
Սեյրան Օհանյանը խոսել է նաև զորակոչի գործընթացի թափանցիկության, զինծառայության կազմակերպման, զինծառայողների կենցաղի և հանգստի պայմանների բարելավման, բանակ-հասարակություն կապի ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների մասին:
Անդրադառնալով դաշնակից և գործընկեր երկրների հետ ընդլայնվող ռազմական համագործակցությանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպված զորավարժությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացքում ձեռք բերված փորձը ցույց է տալիս, որ հայկական բանակն ուսուցման գործընթացում տարեցտարի կատարելագործվում է:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների բազմաբնույթ հարցերին:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ հանդիպման ավարտին խրախուսվել են զինված ուժերի առօրյան ակտիվ լուսաբանող լրագրողները: