Օրերս YerevanNews.am-ի խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ Լենինգրադյան փողոցի «Սթար» սուպերմարկետի դիմաց գտնվող ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբ Արագածոտնի մարզից մարդիկ են բերում և գրանցում:
Ահազանգողը փոխանցեց նաև, որ մարդկանց բերում են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրահանգով և նրանց տալիս Երևան քաղաքի ժամանականավոր փաստացի գրանցում: Տեղի բնակիչների փոխանցմամբ, մարզպետն արդեն մոտավորապես 8000 ապարանցի է գրանցել Աջափնյակում, որը յուրաքանչյուր աշխատանքային օր մարզից մարդկանց բերում է ՀՀԿ շտաբ:
YerevanNews.am-ը փորձեց հասկանալ, թե արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Մոտ մեկ ժամ YerevanNews.am-ի լրագրողները ուսումնասիրեցին տվյալ շտաբի տարածքը և բավականին հետաքրքիր տեղեկատվության տիրապետեցին: Նախ պետք է նշենք, որ շտաբի դիմաց կային բավականին թանկարժեք մեքենաներ` թանկարժեք պետհամարանիշերով, որոնք մեզ չհաջողվեց պարզել, թե ում են պատկանում և շտաբում բավական աշխուժություն էր տիրում, պարբերաբար մտնում և դուրս էին գալիս տարեց մարդիկ` ինչ-որ փաստաթղթեր ձեռքներին:
Ի դեպ, մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ երբ մարդիկ դուրս են գալիս շտաբից, նրանց շտաբի աշխատողներն ուղղորդում են դեպի մեկ ուրիշ վայր, որը դրսից շատ անհասկանալի տեսք ուներ: Պարզվեց, որ իրականում դա ՀՀԿ-ի մյուս նախընտրական շտաբն է, որը օրենքով չթույլատրվող վայրում է գործում: Այս մասին մեզ հետ զրույցում անկեղծացավ հենց ՀՀԿ շտաբի աշխատակիցներից մեկը: Վերջինս նշեց, որ շտաբի վրա չկա փակցված որևէ պաստառ, քանի որ այն գործում է հիմնական շտաբից 100մ հեռավորություն չունեցող տարածքում, այսինքն դա մի անօրինական ձևով գործող ընտրական շտաբ է, որտեղ իրենց «սուրբ» առաքելությունն են իրականացնում ՀՀԿ-ականները:
Ստորև նկայացնում ենք այդ շտաբի լուսանկարները, որը դրսից ցանցապատված էր և վրան ՀՀԿ-ի պաստառը փակցված չէր:
«Ով է ասել, որ այստեղ գյուղերից մարդիկ են բերում և գրանցում»,- ահա այպես շտաբի նրկայացուցիչն արձագանքեց մեր հարցադրմանը:
Վերջինս Պողոսյան Վալերիկն էր, ով ոչ մի կերպ չցանկացավ ասել, թե ո՞վ է ինքը և ի՞նչ պաշտոն է զբաղեցնում տվյալ շտաբում: Նա միայն մեզ համառորոն բացատրում էր, որ այդ կենտրոնը շտաբ չի, այլ ինչ-որ «անալիտիկ» կենտրոն է և նրանց առաքելությունը տարբերվում է սովորական շտաբի աշխատաքներից: Իսկ մեր այն պնդմանը, թե ինչո՞վ է տարբերվում իրենց աշխատանքը և ո՞րն է անալիտիկ կենտրոնի առաքելությունը, Վալերիկ Պողոսյանը ոչ մի կերպ չցանկացավ խոսել այդ մասին:
Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ թվով մարդկանց հոսքը տվյալ կենտրոն, այս հարցին նա նույնպես չբացատրեց:
Մեր զրուցակից «անպաշտոն» Վալերիկ Պողոսյանն այս երկրորդ շտաբի գոյության մասին շտապեց հերքել, փոխարենը ձայնի բարձր տոնով պարբերաբար կրկնում էր, որ դա շտաբ չէ:
Ի դեպ, Վալերիկ Պողոսյանի խոսքով, ինքն այդ ընտրատարածում չի բնակվում, սակայն շատ լավ գիտի, թե այդ նկուղային հարկում ինչով են զբաղվում տվյալ տարածքի մարդիկ:
«Շենքի հավաքատեղի ա, մարդիկ այդտեղ հավաքվում են, զրուցում են»,- ասաց նա, ավելացնելով, որ բնակիչների կողմից մեզ հասած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն, երբ Վալերիկ Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե ո՞վ է տվյալ տարածքից ԱԺ պատգամավոր ընտրվել, վերջինս հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ով է տվյալ տարածքի պատգամավորը:
«Դուք հիմա մի հատ այնպիսի լուրջ կեղծիքի մասին եք ասում, որ Արագածոտնի մարզից մադիկ ենք բերում գրանցում, դուք հասկանում եք ի՞նչ եք ասում, ըտենց բան անողները 100 տարի պիտի դատվեն»,- զայրացած ասաց պարոն Վալերիկը:
Մի բան ևս ակնառու էր և չնկատել հնարավոր չէր. բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս այդ գրասենյակից, ինչ-որ թղթապանակներով էին և խոսում էին մարզերի բնակիչներին հատուկ բառապաշարով:
Հ.Գ. Ճիշտ է մեզ չհաջողվեց զրուցել մարզից եկած որևէ բնակչի հետ, ով կհայտներ մարզպետի նախընտրական «քայլերի» մասին, բայց պետք է նշենք, որ մեկ անգամ չէ, որ մամուլում գրում են, թե Արագածոտնի մարզպետն Աջափնյակում Տարոն Մարգարյանի համար նախընտրական շտաբ է բացել, եւ այդ գրասենյակում աշխատում են ոչ թե երեւանցիներ, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Արագածոտնի մարզի բնակիչներ: