Հուլիսի 1-ից հանրապետությունում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կառավարության օրակարգում է: Թե Ֆինանսների նախարարության և թե կառավարության լրատվական ծառայություններից Փաստինֆո-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ այս հարցի շուրջ բոլոր համապատասխան մարմինների մասնակցությամբ քննարկումները կառավարությունում շարունակվում են և դրանց ավարտին հանրությունը կտեղեկանա արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 19-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել էր , որ այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու ծրագրեր կան: Նախագահը նաև նշել էր, որ կառավարությունում լրջորեն քննարկվում է նաև թոշակների բարձրացման հարցը:

«Որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից»,- սոցիալական խնդիրների շուրջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր Սերժ Սարգսյանը: