Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:

Նորանկախ մեր պետականության ամենաթանկ ու նվիրական ձեռքբերումն է Հայոց բանակի կազմավորումը, որն արդյունքն է քաջարի մեր զավակների պայքարի և առ Հայրենին նվիրումի ու սիրո: Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինվորների ու հրամանատարների սխրանքով, երբեմն նաև կյանքի զոհաբերումով, անխաթար ու պաշտպանված են մեր երկրի սահմանները: Հայ զինվորի անվեհեր ոգին քաջալերություն է բաշխում մեր ողջ ժողովրդին՝ առաջնորդելով ամենքիս ամբողջական նվիրումով, նախանձախնդրությամբ ու մինյանց նկատմամբ սիրով ծառայելու մեր հայրենիքին և իրագործելու մեր երկրի պայծառ գալիքի լուսավոր տեսիլքներն ու հույսերը:

Միածնաէջ Սուրբ Խորանի առջև աղոթքում ենք, որ Երկնավոր մեր Տերը օրհնի և զորացյալ ու հաղթական պահպանի մեր Հայրենիքի սահմանները հսկող բոլոր զինվորներին ու զորավարներին, այլև խաղաղության մեջ արդյունավորի աստվածասեր մեր ժողովրդի ձեռաց գործերը՝ հանուն անվրդով ու բարեշեն մեր կյանքի:

Թող Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ այսօր և հավիտյան: