Երևանում այսօր մեկնարկած «Հղիության կրելախախտ. միջգիտակարգային խնդիր» գիտագործնական միջազգային գիտաժողովին, որը նվիրված է Հայաստանում ինքնաբերաբար վիժումներով պայմանավորված հղիությունների ընդհատումների առկա իրավիճակի վերլուծությանը, Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծննդօգնության և վերարտադրողական առողջության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:

«Ծննդօգնության և վերարտադրողական առողջության խնդիրները մշտապես Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Այս կոնֆերանսը կազմակերպվել է ի կատար առողջապահության նախարարի հանձնարարականի՝ նվազեցնել ինքնաբերաբար վիժումների քանակը»,- ասաց Կարինե Թոխունցը:

Նրա խոսքով՝ Հայաստանում բարձր է ինքնաբերաբար վիժումների թիվը և տարեկան հասնում է շուրջ 3.5 հազարի:

«Դա դեռ ամբողջական թիվը չէ, քանի որ շատ վիժումներ պարզապես չեն գրանցվում, կանայք չեն դիմում բժիշկի: Առողջապահության նախարարի հանձնարարականով կազմակերպեցինք այս գիտաժողովը, որպեսզի կարողանանք բժիշկներին սովորեցնել, թե ինչպես անեն, որ հնարավորինս նվազեցնենք այդ թիվը»,- նշեց մասնագետը:

Ըստ Կարինե Թոխունցի՝ մանկաբարձությունում որոշումները մեծապես պայմանավորված են գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, և այդպիսով խնդիր ունեն մշակելու միասնական գործելակերպ: