Զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միտինգի ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է բանակի օրվա առթիվ շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ 2015 թվականը հայկական զինված ուժերի համար եղել է ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի և 2016 ուսումնական տարում մարտական ուսուցմանը զուգահեռ պետք է շարունակել միասնական ջանքերով զինծառայողների շրջանում արատավոր բարքերը արմատախիլ անելու, հասարակությանը լիարժեք, պատրաստված քաղաքացի վերադարձնելուն նպատակաուղղված գործունեությունը՝ բանակում առավել կանոնակարգելով միջանձնային հարաբերությունների մակարդակը: «Մենք հասել ենք ազգային բանակի վերջնական ձևավորմանը, որի կարևոր առանձնահատկություններն են՝ հայրենասիրության բացառիկ աստիճանը, մեր պապերից ու հայրերից մեզ փոխանցված ռազմական գիտության իմացությունն ու ավանդույթները, բանակային ընկերականությունը, արդարությունն ու ազնվությունը»,-փաստել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաև Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրել մի խումբ զինծառայողների: