«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը կարող են արժանանալ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային և այլ դրությունից, այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և (կամ) բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի քաղաքաշինությանը և բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն Երևանի տնտեսական, մշակութային զարգացման, Երևանի և այլ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում։
2007թ.-ին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն է արժանացել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանը:
Ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։
Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։