«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Տիգրան Սարգսյանը ժամանել է Մոսկվա՝ փետրվարի 1-ից ստանձնելու ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը: Օդանավակայանում նրան դիմավորել են մի քանի տասնյակ պաշտոնյաներ ԵՏՄ-ից, ՌԴ կառավարությունից, ՀՀ դեսպանությունից, անվտանգության ծառայության աշխատակիցներ: Մի խումբ էլ Սարգսյանին սպասել է իր կեցավայրում՝ նոր նշանակումն ու ծննդյան օրը շնորհավորելու համար, թեև ծնվել է հունվարի 29-ին: Այստեղ են եղել նրա լենինգրադցի ուսանողական ընկերները, մի շարք հայ գործարարներ, ընկերներ, որոնք հատուկ Մոսկվա են մեկնել Երևանից:

Ի դեպ, մեր տեղեկություններով, մինչև վերջին վայրկյանը Հովիկ Աբրահամյանին չեն ասել, որ Տիգրան Սարգսյանը դառնալու է ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահը. դա իմացել են միայն Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը: Հովիկ Աբրահամյանն անակնկալի է եկել, երբ Մոսկվայում, ԵՏՄ նիստի ժամանակ տրվել է Տիգրան Սարգսյանի անունը․ մինչ այդ խոսվել է, թե Բելառուսի ներկայացուցիչն է լինելու, չնայած Տիգրան Սարգսյանը 1-2 անգամ արդեն եղել էր Մոսկվայում, հանդիպել Պուտինի հետ։ Նա, ի դեպ, Սվետլանա Մեդվեդևայի` Մեդվեդևի կնոջ, և «Գազպրոմի» Միլլերի հետ պիտերյան նույն բուհի շրջանավարտ է։ Իսկ Պուտինը բարձր է գնահատում «պիտերցիներին»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: