Բոլոր ուզում են սիրել ու սիրված լինել, երջանիկ ընտանիք ունենալ, հուսալի թիկունք: Բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները: Ահա դրանցից մի քանիսը.

Վստահության կանոն.

Ճշմարիտ սիրային,ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի: Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը: Նրան թվում է,թե ազատությունը կորցրել է: Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին:

Անկեղծ շփման կանոն.

Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է,թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել: Բայց սերն արհեստական ծաղիկ չէ,որ խնամքի կարիք չունենա: Այն, ինչպես բույսը, կարող է ծաղկել, կարող է և թոշնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում:

Անկեղծ շփումը ոիրո համար նույնն է,ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի:Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին: Անպայման պատմեք,թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում: Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան: Երախտապարտ եղեք:

Նվիրվելու կանոն.

Որպեսզի իսկական սեր գտնեք, հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը: Եթե ցանկանում եք սեր ստանալ,պետք է նվիրեք այն: Եվ ինչքան շատ տաք,այնքան շատ կստանաք: Եվ հիշեք. սիրո պաշարն անսպառ չէ: Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին չտալն է: Բայց խնդիրն այն է,որ շատերը չեն ցականում առաջինը տալ,նրանք սիրում են վերապահումներով. «Ես կսիրեմ քեզ,եթե դու էլ սիրես ինձ»: Սպասում են,որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի: Դա նույնն է, որ երաժիշտն ասի. «Ես կնվագեմ,եթե հյուրերն սկսեն պարել»: Ճշմարիտ սերը փոխարենը ոչինչ չի պահանջում:

Հպումների կանոն.

Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է: Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները: Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել. հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների,չարաճճիություններ արեք,ինչպես երեխաները,մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները:Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին,փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան,նվազում են սթրեսների հորմոնները,թուլանում է նյարդային համակարգը,լավանում է հուզական վիճակը:Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու,ապա դատապարտված եք հիվանդության:

Ազատության կանոն.

Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան: Ընտրելու ազատություն,սիրելու ազատություն, իր ուզածին պես ապրելու ազատություն, և ոչ այնպես,ինչպես դուք եք ցանկանում: Իհարկե,դա հեշտ բան չէ: Բայց ուրիշ ելք չկա: Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ:

Ըստ Ադամ Ջեքսոնի «Սիրո 10 գաղտնիքները» գրքի.

Թարգնաեց՝ Սիրարփի Մարգարյանը: