2014 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին 32-ամյա Ալիկը (անունը փոխված է) իր նշանածին հրավիրել է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, որից հետո առևանգել է նրան և բռնաբարել: Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է դեպքի առընչությամբ վերաքննիչ բողոքների քննությունը:

3 երիտասարդների գործը քննվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Երիտասարդների կողմից աղջկան «փախցնելու» ծրագիրը մշակվել է նրանից հետո, երբ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները:

Սրճարանից հետո նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներներին: Աղջիկն ու երիտասարդները նստել են «Մերսեդես» մեքենան, ինչից հետո աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնուհետև բերել Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին:

Ալիկ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1-ին մասով: