Հանրապետության բոլոր դպրոցներում ս.թ. փետրվարի 1-ից դասերը վերսկսկվեցին: Անձամբ առողջապահության նախարարի և տարբեր պաշտոնյաների կողմից տրվեցին հանձնարարականներ այն մասին, որ դպրոցում պետք է ապահովվի 18-20 աստիճան ջերմաստիճան: Ամսի 1-ին, 2-ին և այսօր՝ 3-ին, հրապարակվում են մամլո հաղորդագրություններ երեխաների 80- 85% հաճախելիության մասին, սակայն ոչ մի խոսք այն մասին, թե մարզ առ մարզ դպրոցներում, դասարաններում որքանո՞վ է ապահովված պահանջվող ջերմաստիճանը: Անձամբ ունեմ տեղեկություն այն մասին, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ դպրոցում դասերի առաջին և երկրորդ օրը ջերմաստիճանը 6 աստիճան է եղել, սանիտարական վիճակը՝ ահավոր, որի մասին տեղեկացրել եմ լրատվությամբ: Այսօր՝ փետրվարի 3-ին դպրոցի ծնողների վկայությամբ, Շիրակի մարզի աշխատակազմի կրթության վարչությունից դպրոց է գնացել մասնագետ, չափել ջերմաստիճանն ու դասարաններում արձանագրել է 8, իսկ միջանցքներում՝ 6 աստիճան: Դպրոցի սանհանգույցների վիճակը՝ վերին աստիճանի հակասանիտարական: Հետաքրիր է, թե ինչ վիճակ է մարզի մյուս դպրոցներում և այդ դպրոցների դասարաններում եղած ջերմաստիճանների մասին փետրվարի 1-3-ը ի՞նչ թվեր են զեկուցել վերևներին, իհարկե՝ ամեն ինչ լավ է, բայց փաստորեն՝ հեչ լավ չի: Արդյո՞ք այս գործընթացում որպես պատասխանատու ներառված են գյուղապետերը կամ համայնքի այլ սրտացավ մարդիկ: Ի՞նչ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում Շիրակի մարզում:
Հիմա Երևանի մասին: Փետրվարի 1-ին քաղաքապետի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ դպրոցներում ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճանը, նույնիսկ ասվեց, որ այն դպրոցներում, որտեղ պատուհանները հին են և չեն ապահովում ջերմամեկուսացումը, հանձնարարել են դասարաններում միացնել էլեկտրական ջերմատաքացուցիչներ; Ամեն ինչ լավ է, բայց այսօր առավոտյան «Սպուտնիկ» ռադիոկայանի առավոտյան մի հաղորդման ժամանակ խոսում էր Նիկոլ Աղբայլանի անվան դպրոցի 2-րդ դասարանի երեխայի ծնող, ով ասաց, որ փետրվարի 1-ին և 2-ին երեխաները դասերին նստել են վերարկուներով, երեխայի ոտքերը պարզապես սառել են ու այսօր երեխային չի ուղարկել դպրոց: Լրագրողի հարցին, թե քանի՞ աստիճան էր դպրոցում, ծնողը պատասխանեց, որ քանի որ ծնողներին արգելում են մտնել դպրոց, ինքը չգիտի, ուղղակի երեխան ակնհայտ մրսած էր:
Շատ տարօրինակ ու անհասկանալի է փաստը, որ վերոնշյալ դպրոցը, որը 2015թ. ֆինանսական տարին փակել է 60մլն ազատ դրամական մնացորդով, խնայել է գազն ու ժամանակին չի ապահովել դպրոցի դասարանների ու միջանցքների պատշաճ ջեռուցումն այն դեպքում, երբ ամեն երկուշաբթի անձամբ եմ լսել քաղաքապետի հանձնարարականը՝ դպրոցներում ջեռուցումը չանջատել նույնիսկ տոն օրերին, միացնել թույլ ռեժիմով, իսկ դասերից 3 օր առաջ հանձնարարվեց ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը:
Հարցերս: Առաջին, քաղաքապետարանի կրթության վարչությունը դպրոցների ջերմաստիճանների վերաբերյալ հեռախոսով տեղեկությունները ստանալուց բացի ինչո՞ւ մոնիթորինգ չի իրականացնում կամ դպրոցի տեղեկությունն այլ աղբյուրներից չի ստուգում:
Երկրորդ՝ որոշ դպրոցներում մուտքերի դռների վրա փակցված հայտարարությամբ ծնողների մուքը դպրոց խստիվ արգելված է: Այս անօրինական հայտարարությունների և գործունեության մասին բազմիցս է խոսվել: Անօրինականությունը կայանում է նրանում, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետի համաձայն կրթական գործընթացի թ. 1 մասնակիցը սովորողն է, 2-ը՝ ծնողը, հետո նոր ուսուցիչն ու վարչական աշխատողները: Հետևաբար, որևէ տնօրեն, երբ ծնողին արգելում է մտնել դպրոց, ուրեմն ինքը ևս դպրոց չպետք է մտնի, որովհետև օրենքի տրամաբանությամբ դպրոցը առաջին հերթին աշակերտի կրթության իրավունքի իրացման տեղն է, իսկ աշակերտի համար մտահոգն ու պատասխանատուն՝ ծնողը: Ուսուցիչներն ու վարչական աշխատողները՝ կրթական ծառայությունները մատուցողները, ովքեր հաշվետու պետք է լինեն ծնողին:
Առաջարկում եմ գտնել դպրոցների ջերմաստիճանների մասին տեղեկությունների այլընտրանքային աղբյուրներ, օրինակ՝ դպրոցների ծնողկոմիտեների կողմից արվեն այդ չափումներն ու իրենք հաղորդեն :
Խնդրում եմ վերացնել ծնողի դպրոց մտնելն արգելելու մասին հայտարարությունները:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան