«Հայաստանի և նրա խնդիրների վերաբերյալ բացասաբար տրամադրված երկրների ու կազմակերպությունների շարքը գլխավորում են Ադրբեջանը /92,2%-ը/, երկրորդ տեղում Թուրքիան է /90,4%/, երրորդը՝ Իսլամական պետությունը /49,1%/»,- այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա եւ Մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրականացվել է «Հայոց ցեղասպանության երևույթի ընկալման առանձնահատկությունները և հոգեբանական-աշխարհայացքային անդրադարձները հանրային կարծիքում» թեմայով սոցիոլոգիական հետազոտություն:

Աշխատանքային թիմը 2015թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն. «Հետազոտության նպատակն էր վերհանել Օսմանյան կայսրության իշխանությունների ծրագրած և իրականացրած հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հանրային կարծիքում առկա տրամադրություններն ու դիրքորոշումները, դրա հետևանքների մեղմման ու վերացման քայլերի վերաբերյալ կարծիքների սպեկտրը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է 560 երևանցիների շրջանում: Գնահատվել են նաև տարբեր երկրների ու քաղաքական կառույցների վերաբերյալ հանրային կարծիքը: Հարցվածների համակրանքին և դրական վերաբերմունքին արժանացած երկրների թվում առաջինը Ֆրանսիան է՝ 82.5 տոկոսով, երկրորդը ՌԴ-ն՝ 73.2, երրորդ հորիզոնականում Իտալիան է՝ 63.8, ապա Հունաստանն՝ 60.7 ու Գերմանիան՝ 56.1:

Ի՞նչ տրամադրություններ և զգացումներ է առաջացնում Հայոց ցեղասպանության մասին վերհուշը հարցվողների շրջանում հարցին ի պատասխան՝ Հովհաննես Հովհաննիսյանը ընդգծեց. «Ամենաշատն առաջացնում է ցավը վերապրելու, ապագայի նկատմամբ հավատի և հույսի, լավատեսության տրամադրություն /91,2 %/, այնուհետև բողոքի, ցասման, վրեժխնդրության հատուցման համար պայքարի տրամադրություններ /88,2%/ և ափսոսանքի, ընկճախտի անկումային տրամադրություններ /76,2 %/»:

Հետազոտության ադյունքում նկատելի է դարձել, որ ցեղասպանության հետևանքների վերացման տարբերակներից առաջին տեղում է Պատմական Հայաստանի տարածքների վերադարձը Հայաստանին՝ 62,7%, այնուհետև հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստի ճանաչումն ու դատապարտումը Թուրքիայի կողմից՝ 48%, ցեղասպանության զոհերի, նրանց հարազատների ու ժառանգների վերաբնակեցումը պատմական հայրենիքում՝ 27%, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Թուրքիայի կողմից՝ 24,6% և այլն:

Հայաստանի և նրա խնդիրների վերաբերյալ դրականորեն տրամադրված երկրների ու կազմակերպությունների տասնյակում՝ ըստ հարցման մասնակիցների, առաջին հորիզոնականում է Ֆրանսիան ՝ 81,1%, այնուհետև Ռուսաստանի Դաշնությունը՝ 68,6%, Հունաստանը՝ 55,0%, Միավորված ազգերի կազմակերպությունը՝ 51,6%, Իտալիան՝ 47,3% և այլն:

Հետազոտության մասնակիցներն, ամփոփելով արդյունքները, նկատեցին, որ հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում ստացած տվյալները չի կարելի ընկալել ու մեկնաբանել որպես փորձագիտական: Սակայն ստացած տվյալներն ավելի խորը փորձագիտական հետազոտությունների ու վերլուծությունների հարուստ նյութ են ՝ հիմք դառնալով տվյալ ոլորտում իրականացվող ծրագրերի ու քաղաքականության կարգավորման և արդյունավետության բարձրացման համար: