«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, մի խումբ ԲՀԿ-ականներ, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թեւը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու գործընթաց իրականացնել. Երեկվանից նրանք ԲՀԿ տարածքային տարբեր կառույցներում այս թեմայով հանդիպումներ են սկսել, նույնիսկ փորձում են կուսակցության ղեկավարի դեմ ստորագրահավաք սկսել: Իսկ Ն. Զոհրաբյանից դժգոհության պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ վերջին որոշումն է:

Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունները սատարելուց հետո այս ողջ ընթացքում ԲՀԿ-ականների մի խումբ իշխող ՀՀԿ-ից պաշտոններ ստանալու անթաքույց հույսեր է փայփայել՝ այդ մասին պարբերաբար հարցազրույցներ տալով և իրենց ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների մեջ խցկելով:

Ավելին, վերջին օրերին այս թեմայով թեժ քննարկումներ են ընթացել կուսակցության ներսում: Բայց ի վերջո հաղթել է կոալիցիա չգնալու՝ Ն. Զոհրաբյանի տեսակետը, և հիմա երազախաբ եղած ԲՀԿ-ականները փորձում են նրանից վրեժ լուծել՝ նրա դեմ ստորագրահավաք անելու միջոցով»:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում