«ՕԵԿ-ն անցկացրեց բավականին կազմակերպված քարոզարշավ, ներկայացրեց մրցունակ ծրագիր և, որ ամենակարևորն է, ներկայացրեց մրցունակ և Երևանում սիրված թեկնածու` ի դեմն Արմեն Երիցյանի»: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, նախընտրական քարոզարշավի եզրափակիչ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՕԵԿ-ի պաշտոնական կայքից:
Հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահը բարձրացրեց այն հարցը, թե ինչո՞ւ ՕԵԿ-ը պետք է հաղթի և ինչո՞ւ պետք է հենց իրենք կարողանան բերել այնքան սպասված փոփոխությունները, որ անհրաժեշտ են այսօր մեր մայրաքաղաքին: Արթուր Բաղդասարյանի կարծիքով պատասխանը շատ պարզ է: «Մենք ներկայացրել ենք իսկապես մրցունակ թեկնածու` ի դեմս Արմեն Երիցյանի, որով մենք բոլորս հպարտանում ենք. մարդը, ով անցել է կյանքի դժվարին ճանապարհ և կարողացել է իր անցած ճանապարհում կատարել այնպիսի քայլեր, իրականացնել այնպիսի գործունեություն, որը հետք է թողել, իսկ վերջին հետքը նրա աշխատանքային գործունեության մեջ իսկապես արտակարգ իրավիճակների արտակարգ նախարարությունն է, որն աշխարհի 50 լավագույն նախարարություններից մեկն է»,-ասաց նա:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով այսօր քիչ բնագավառներ կան, որտեղ մենք կարող ենք հպարտանալ: «Իսկապես, կա կայացած նախարարություն, կա մարդ, որը ունի պատվի ու պատասխանատվության զգացում, կա մարդ, ով իր ապրած կյանքով ապացուցել է, որ նա կարող է իսկապես փոփոխություններ իրականացնել»,- նշեց նա` հավելելով, որ սա շատ լավ հիմք է պնդելու, որ ՕԵԿ-ն առաջադրել է մի մարդու, ով իր ապրած կյանքով ապացուցել է, որ ինքը կարող է ստեղծել, կարող է զարգացնել, կարող է առաջ տանել համակարգեր:
Այս փաստն է, որ շատ կարևոր է, ինչն էլ ՕԵԿ նախագահին թույլ է տալիս վստահեցնելու, որ հաղթանակի համար կարևոր է, թե ով է լինելու ղեկավարը, ով է լինելու առաջնորդը:
«Մեր ներկայացրած թիմի բոլոր ներկայացուցիչներն էլ Երևան քաղաքում ապրած, հետք թողած մարդիկ են, և մենք տարբերվելու ենք մյուսներից, այնպես, ինչպես այսօր Ազգային Ժողովում «Օրինաց երկիր»-ն է տարբերվում է մյուս խմբակցություններից»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը` հիշեցնելով, որ «Օրինաց երկիր»-ն իր ներկայացրած և ընդունված օրենքների թվով առաջին պատգամավորական խմբակցությունն է:
Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ Երևանի ավագանիում նույնպես «Օրինաց երկիր»-ը լինելու է ամենապահանջված քաղաքական ուժերից մեկը, որը մշտապես բարձրաձայնելու է ժողովրդին հուզող խնդիրները, իսկ հաջորդ պատճառը, որի համար պետք է ընտրվի ՕԵԿ թեկնածուն, ըստ Արթուր Բաղդասարյանի, իրենց ներկայացրած ծրագիրն է:
Անդրադառնալով Արմեն Երիցյանի այն հայտարարությանը, որ առկա խնդիրներից շատերը կարելի է լուծել հենց տեղում, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դրանց առկայությունը բնորոշեց որպես հանցավոր անփութության, հանցավոր անտարբերության: «Կուտակված խնդիրները միանգամից լուծելու ունակությունը ակնհայտ է, բայց քանի որ շատ ղեկավարներ` ներքևի, ստորին օղակներում, միջին օղակներում հանրային կարծիքի հետ շփվելու ցանկություն չունեն, մարդկանց դարդ ու ցավով զբաղվելու ցանկություն չունեն, այդ խնդիրները այդպես տարիներով մնում են կուտակված»,-մեկնաբանեց նա:
«Այն ծրագրերը, որ մենք ներկայացրել ենք և այն ճանապարհը, որ մենք անցել ենք, բավարար հիմք են տալիս պնդելու, որ մեր ծրագրերը մենք կյանքի ենք կոչելու»,-հայտարարեց Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ այսօր Հայաստանում ընդունված է ասել խոսքը գործ է, գործը` խոսք, բայց ամենակարևորն այդ աշխատանքի առկայությունն է. ամեն մի աշխատանք պայմանավորված է արդյունքով: «Այն աշխատանքները, այն ծրագրերը, որ մենք ունենք Երևան քաղաքում, իսկապես իրականացվելու են», -ասաց վերջինս մեջբերելով հանդիպումներից մեկի ժամանակ քաղաքապետի ՕԵԿ թեկնածու Արմեն Երիցյանի արած հայտարարություններից մեկը, որի համաձայն եթե քաղաքացիները վստահեն իրեն այս ընտրություններում, ինքը խոստանում եմ Երևանը ծաղկեցնել:
«Ես առաջարկում եմ, որ մեր համախոհները, մեր թիմակիցները այս վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատեն պատվի և պատասխանատվության զգացումով: Այսօր բոլորը խոսում են, որ Հայաստանից արտագաղթում են, դժվարին վիճակ է, պատճառը հույսի, հավատի նվազող ռեսուրսն է, մենք պետք է կարողանանք մեր ազգի հույսը, մեր երևանցու հույսը բարձրացնել նաև նոր ծրագրերով, նոր մարդկանցով , հաջողակ, կայացած մարդկանցով, ովքեր իրենց անցած կյանքով, ապրած տարիներով կարողացել են ապացուցել, որ այդ տարիները լոկ խոսքեր են, դրանք հետք են թողել»,-նշեց նա:
Արթուր Բաղդասարյանի կարծիքով այն քաղաքական թիմը, որն իրենք են ներկայացրել այս ընտրություններում, իսկապես ուժեղ է , իսկապես մրցունակ և կարող է այս քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծել:
ՕԵԿ նախագահը հորդորեց վստահել իրենց թիմին`Արմեն Երիցյանի գլխավորությամբ, իսկ խոսքի վերջում շնորհակալություն հայտնեց այն երևանցիներին, ովքեր կքվեարկեն իրենց օգտին, կվտսահեն իրենց թիմին, որովհետև վստահությունը պատասխանատվություն է, ամենօրյա հետևողական աշխատանք: - See more at: http://oekyerevan.am/arm/index.php?n=101#sthash.3VljhEjT.dpuf
Մենք ներկայացրել ենք մրցունակ թեկնածու. Արթուր Բաղդասարյան
