Այսօր մայիսի մեկին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր խորհուրդը ընդունել է Ասորացիների Համաշխարհային Դաշինքի, Ավստրալիայի հելենիստական խորհրդի և Հայ Դատի հանձնախմբի միջնորդությունը` ճանաչելով հայերի, ասորացիների և հույների ցեղասպանությունը:Այս մասին հայտնում է Assyrian International News Agency-ն:
Ասորացիների Համաշխարհային Դաշինքի գլխովոր գործադիր քարտուղար Հերմեզ Շահենը այս մասին նշել է, որ ասորի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարել է որպեսզի միջազգային հանրությունը ընդունի 1914-1923 թվականներին Երիտթուրքերի կողմից կազմակերպված ասորացիների ցեղասպանությունը: Ճանաչումը հզոր հակազդեցության միջոց է ժամանակակից Թուրքիային, որը շարունակում է հերքել Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը:
Ավստալիայի և ամբողջ աշխարհի ասորացիների անունից Շահենը իր շնորհակալությունն է հայտնել խորհրդարանի Ավստրալիայի Քրիստոնեական կուսակցության ղեկավար Ֆրեդ Նիլին ասորացիների ցեղասպանությունը ընդունելու միջնորդությունը ներկայացնելու համար, ինչպես նաև մյուս բոլոր խորհրդարանի անդամներին, որոնք կողմ են քվեարկել վերջինիս ճանաչման համար:
Ֆրեդ Նիլը իր կողմից նշել է, որ արդեն մի քանի տարի է խորհրդարանի մի քանի անդամներ բարձրացրել են ասորացիների, հայերի և հույների ցեղասպանության ճանաչման հարցը: Իհարկե պետք է նշել, որ առաջինը Նոր Հարավային Ուելսի խորհրդարանն է 1997 թվականին ընդունել հայերի ցեղասպանության ճանաչման ակտը: Սա պատմության հարց է և պատմությունը չպետք է մոռացվի: Մենք պետք է հիշենք և խոսանք ճշմարտության մասին:
Նշենք, որ Նոր Հարավային Ուելս վերջերս այցելել էր Միացյալ Նահանգների Քլարկ համալսարանի աշխարհահռչակ գիտնական Թաներ Աքչամը:
Վերջինս իր այցելության ժամանակ հայտնել է, որ ցեղասպանության ճանաչումը և պայքարը դրա դեմ համաշխարհային ժողովրդավարության և մարդու իրավունքների մաս է կազմում: