Այօր տեղի ունեցավ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքը Ազատության  հրապարակում, որին մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ելույթ ունենալով հանրահավաքի սակավաթիվ մասնակիցների առջև ասաց, որ այօր կա աննախադեպ հնարավորություն Երևանը ժողովրդին վերադարձնելու համար:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով իր խոսքն ընդգծեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից իրենց ցուցակն է միայն, որի ներկայացուցիչներն այս իշխանությունների օրոք կորցրել են իրենց աշխատանքը:

«Մայիսի 5-ից հետո ունենալու ենք նոր վիճակ: Ազատ-արդար ընտրությունների դեպքում «Բարև Երևանը» առաջատար է:

Իրական Հայաստանում ոչ մեկը քառասուն տոկոս չի վերցնում, հիմա պատրաստվե՛ք բոլորս, դու, բոլորդ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Առաքելություն» և Հայաստանի քաղաքացի, մայիսի 5-ից հետո կունենանք նոր վիճակ, և նոր վիճակն առանց համար երեք «Բարև Երևան» դաշինքի չի լուծվելու: Մենք չենք նահանջելու, մենք չենք վաճառվելու, մենք չենք ծախվելու: Եթե այսօր նախկին վարչապետը հորդորում է, թե ժողովուրդը փախչում է, մենք պետք է այդ հոսքը կանգնեցնենք, և ես այդ առաջարկը փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանին արել եմ: Մայիսի 5-ին ես ինքս գնալու եմ ընտրատեղամաս, հերթական անակնկալը ես պետք է մատուցեմ Հայաստանին և ժողովրդին: Հինգ տարի այս իշխանությունը չի նստելու Բաղրամյան 26: Մայիսի 5-ին Երևանն ունենալու է նոր քաղաքապետ և նոր քաղաքապետարան»,-իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: