«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջապես ավարտվեց «առևտուրը», և գտնվեց ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նորօրյա բանաձևը։ Բազում տարբերակների քննարկումներից հետո, երբ կողմերն արևելյան շուկային բնորոշ երկար «բազառների» մեջ էին և ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս առևտրի առարկա հանդիսացող գերատեսչությունների մասով, երկար սպասված համաձայնությունը կայացավ։ Ճիշտ է՝ ՀՀԿ ղեկավարությունը չի շտապում հայտարարել, թե ինչի շուրջ է կայացվել համաձայնությունը, բայց Հայաստանը փոքր երկիր է, և մարդկանց որոշակի շրջանակի ամեն ինչ արդեն հայտնի է։ Ի դեպ, պետք չէ մեղադրել լրագրողներին մեծ թվով և երբեմն անհավանական տարբերակներ շրջանառելու համար, իրականում քննարկումներն են այդպիսին եղել։ Այսպիսով, ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես և նախկինում նշվել է, էկոնոմիկայի (Արծվիկ Մինասյան), արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման և կրթության և գիտության նախարարությունները։ Վերջինը, այսպես ասած, վերջին շնչում, քանզի դեռ 2 օր առաջ այդ տարբերակը հավանական չէր համարվում, իսկ Արմեն Աշոտյանն իր նոր կաբինետն էր կահավորում և սելֆիներ տեղադրում ֆեյսբուքյան էջում։

Մարզպետների պաշտոնների հարցում ևս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը․ ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին։ Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում ռեկորդսմեն է՝ Լևոն Մկրտչյանի, Դավիթ Լոքյանի նշանակումները դրա վառ օրինակն են։ Բայց կան նաև բոլորովին նոր նշանակումներ։ Օրինակ, ՀՅԴ-ին կհասնի նաև որևէ մարզի չզիջող մի ամբողջ համայնք՝ Երևանի Արաբկիր համայնքը․ վարչական շրջանի ղեկավար կնշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: