Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Համլետ Մ.-ի գործով մեղադրող դատախազի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Համագյուղացի Է.-ի բռնաբարության մեջ մեղադրվող 49-ամյա Համլետ Մ.-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արդարացրել էր:
Ըստ մեղադրանքի` Համլետը 2012թ. հուլիսի 20-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է համագյուղացի Է.-ի տուն` սեռական հարաբերություն ունենալու նպատակով:
Ըստ Համլետի հայտարարության` ինքն այդ կնոջ հետ շուրջ 12 տարի եղել է արտաամուսնական կապի մեջ: Համաձայն մեղադրանքի` դեպքի օրը Համլետը, մերժում ստանալով կնոջից, տանտիրուհուն գցել է թախտին և նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրա մարմնին հարվածներ հասցնելով` սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Ոստիկանության Գորիսի քննչական բաժնում սեպտեմբերի 14-ին հարուցվել է քրեական գործ և հոկտեմբերի 5-ին Համլետ Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության և դատաքննության ընթացքում Համլետն իրեն մեղավոր չի ճանաչել` նշելով, որ նշված օրը ինքը խմած է եղել, տանտիրուհու հետ մի քիչ վիճել է, ոչինչ չի ստացվել և րոպեներ անց հեռացել է վերջինիս տանից:
Տուժող Է.-ն դատարանում ցուցմունք է տվել, որ դեպքի օրը իր և Համլետի միջև որևէ ձևի սեռական հարաբերություն տեղի չի ունեցել: Քննչական բաժանմունքում, ըստ Է.-ի, ցուցմունքն ինքը գրել է քննիչի թելադրանքով, իսկ ոստիկանություն հասել է դստեր հարկադրանքով:
Դատարանի դատավճռով` Համլետ Մ.-ն արադարացվել է և դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը` պնդելով, որ ամբաստանյալի մեղքը լիովին ապացուցված է, նրան հարկ է մեղավոր ճանաչել բռնաբարության համար և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանին, սակայն, չեն համոզել մեղադրող կողմի բերած հիմնավորումները` առաջին ատյանի դատարանի դատավճիռը համարելով հիմնավոր և թողնելով անփոփոխ:
Գրում է «Ժամանակը»:


