Ունեցեք բարձր ինքնագնահատական
Հաջողակ մարդիկ ունեն բարձր ինքնագնահատական: Բայց դա եսասիրությունը կամ չափից դուրս ինքնավստահությունը չէ: Ինքնագնահատականն այն է, երբ դու ռեալ գնահատում ես քո ունակությունները և գոհ ես մնում ինքդ քեզանից: Մարդիկ, ում ինքնագնահատականը ցածր է, հիմնականում այդպիսի գնահատականի են արժանանում նաև շրջապատի կողմից:
Ինչպե՞ս կարող են ուրիշները գնահատել Ձեզ, եթե ինքներդ չեք կարողանում գնահատել Ձեզ: Ցածր ինքնագնահատականը հնարավոր չէ թաքցնել: Չգիտեմ ինչպես, բայց մարդիկ միշտ էլ զգում են դա: Նրանք միշտ էլ զգում են, որ Դուք Ձեզ վրա վստահ չեք, Ձեզանից գոհ չեք, և դա անդրադառնում է նաև Ձեր հանդեպ նրանց վերաբերմունքի վրա:
Մյուս կողմից՝ հնարավոր չէ ունենալ բարձր ինքնագնահատական՝ հիմնվելով ոչնչի վրա: Ինքնագնահատականը սկսում է բարձրանալ այն ժամանակ, երբ մարդը որոշակի հաջողությունների է հասնում, որոշակի ունակություններ է ձեռք բերում կամ հաղթահարում է ինքն իրեն: Պետք է հիմք ստեղծել ինքնագնահատականի բարձրացման համար. արհեստականորեն ինքնագնահատականը հնարավոր չէ բարձրացնել:
Բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի հեշտ են կողմնորոշվում կյանքում, նրանք ավելի հեշտ են մարդկանց հետ շփվում, ավելի արագ են որոշումներ կայացնում, ավելի վստահ են իրենց զգում, իսկ դա անդրադառնում է նաև նրանց կյանքի մյուս ոլորտների վրա:
Սիրարփի Մարգարյան