Մարդն ինքնաարտահայտվում է գործողության միջոցով, քանի որ հենց այդպես է նա վերափոխում իրականությունն ու ներգործում մտքի վրա: Բայց մարդու ամեն մի գործողություն զուրկ է միասնականությունից, անգամ իմաստից, մինչև որ չհասնի ավարտին, չվերջանա: Քանի դեռ ապագան հնարավոր է, քանի դեռ առկա է անհայտությունը, մարդը շարունակում է մնալ չարտահայտված: Կարելի է, օրինակ, հանդիպել ազնիվ մարդու, որը 60 տարեկանում խախտել է օրենքը. սա փոխում է նրա բոլոր նախկին արարքների իմաստը և այդ մարդուն ներկայացնում բոլորովին այլ լույսով: Քանի դեռ ես ողջ եմ, ոչ ոք չի կարող համոզված լինել, թե իրոք ճանաչում է ինձ, այսինքն չի կարող բացահայտել իմ գործողությունների իսկական իմաստը:
Ահա թե ինչու է մահն այդպես անհրաժեշտ: Քանի դեռ ողջ ենք, մեզ պակասում է իմաստը, իսկ մեր կյանքի իմաստը (որի օգնությամբ ինքնաարտահայտվում ենք և որին վերագրում բացառիկ իմաստ) մնում է անմեկնելի` հնարավորությունների մի խառնաշփոթ, հարաբերությունների ու նշանակությունների մի անհատնում հոսք, որոնք ելք չեն գտնում որևէ վերջնական լուծման մեջ: Մահն իրագործում է մեր կյանքի եզրափակիչ մոնտաժը: Այլ կերպ ասած, մահն առանձնացնում է մեր կյանքի իսկական նշանակալից դրվագները (որոնց իմաստն այլևս չի կարող փոխվել նոր, հակասական կամ անմիտ պահերի ազդեցության տակ)` դրանք դասավորելով այնպես, որ մեր անվերջ, անորոշ ու տարտամ ներկան վերածվում է հստակ, հաստատուն անցյալի: Հետևաբար կյանքը կարող է մեր ինքնաարտահայտումը լինել լոկ մահվան շնորհիվ:
Սիրարփի Մարգարյան