Ի հեճուկս մեր աշխարհի բոլոր դժվարությունների, իմ մեջ պահպանվել է այն ոգեշունչ սիրո մի մասը, որով ես դաստիարակվել եմ, պահպանվել է հավատը Սերը ճաշակած մարդու նկատմամբ: Մեր կյանքում, ինչպես և նկարչի ներկապնակում, միայն մի գույն կա, որն ընդունակ է իմաստ տալ կյանքին և Արվեստին. Սիրո գույնը:
Այդ գույնի մեջ ես տարբերում եմ այն բոլոր հատկանիշները, որոնք ուժ են տալիս մեզ ցանկացած ասպարեզում ինչ-որ բան անելու:
Հաճախ հարցնում եմ ինքս ինձ, թե որտեղից է նման վեհասքանչ բնությանմի մասնիկի`մարդու մեջ, այսքան դաժանություն: Հարցնում եմ ինքս ինձ, թե ինչպես կարող է դա լինել, երբ կան Մոցարտը, Բեթհովենը, Շեքսպիրը, Ջոտտոն, Ռեմբրանդտը և այնքան ուրիշներ` սկսած համեստ ու ազնիվ մշակներից, որ տաճարներ, հոյակերտ շինություններ են կառուցել, արվեստի բազում գործեր ստեղծել և վերջացրած նրանցով, ովքեր հորինել են այն ամենը, ինչ հեշտացնում ու բարելավում է մեր կյանքը: Հնարավոր է, որ մարդը, տիրելով երկրի վրա իշխանություն պարգևող բոլոր նոր միջոցներին, անզոր լինի իշխելու ինքն իրեն: Դա անհասանելի է իմ հասկացողությանը: Ի՞նչ կարիք կա փնտրել բնությունից դուրս: Ներդաշնակության և գեղեցիկի բանալիները պետք է որոնել իր մեջ: Այդ բանալիները մեր ձեռքերում են: Այն ամենը, ինչ ես տքնել եմ անել, դաժանությանը մարտահրավեր նետելու մի թույլ ճիգ է: Արվեստը, որով զբաղվել եմ մանկուց, ինձ սովորեցրել է, թե սերը կարող է նրան փրկել: Սիրո գույնն ինձ համար ճշմարտության գույնն է, Արվեստի ճշմարիտ նյութը. այնքան բնական, որքան ծառը կամ քարը…
Սիրարփի Մարգարյան