ՀՅՈՒՐԸ

Շատ էի ոգևորված, հանդիպելու էի լեգենդար մարդու, ում անունը թնդում է մեր զորամասերում, իսկ հակառակորդի մոտ այն սարսափ է առաջացնում: Մտքումս արդեն նկարել էի նրա պատկերը` արյունոտ աչքերով, դեմքի երկայնքով անցնող սպի, խորը խռպոտ ձայնով, մի փոքր ուսերը գլխին մոտ` կարծես կուզը դուրս ընկած...Նստած թեյ էինք խմում ծանոթիս տանը, ով կազմակերպել էր հանդիպումը, նա պատմում էր տարբեր զվարճալի պատմություններ կապված մեր սպասվող հյուրի հետ: Տարօրինակ էր բայց բոլորի դեմքին բարի ժպիտ էր հայտնվում երբ խոսում էին նրա մասին: Տանտիրոջ տղան եկավ ընկերոջ հետ: Ես անհամբեր էի դառնում, հյուրը ուշանում էր: Տանտերը նույնպես լեգենդար մարդ էր, պատերազմի ժամանակ թշնամին նրա անունից նույնպես սարսափել է, իսկ ովքեր բավական դժբախտ են եղել նրան հանդիպելու պատերազմի դաշտում, ապա դա եղել է նրանց վերջին հանդիպումը կյանքում: Տանուտերը ներկայացրեց ինձ որդու ընկերոջը` Վահիկին և առաջարկեց նրան թեյել մեզ հետ: Ես ճիշտն ասած մի քիչ նեղվեցի, մտածեցի, որ մի տեսակ խանդում եմ, որ այդ կարևոր հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ մարդիկ, մտածում էի որ կխանգարեն իմ հարցազրույցին:

Դե ինչ արած իմ տանը չեմ ու իմ ընկերները չեն, որ ես խնդրեմ մեզ մենակ թողնեն, երբ նա գա: Վահիկը բոյով, նիհար, մոտ 40 տարեկան մարդ էր, ինձ ինչ որ դերասանի էր հիշեցնում բայց չէի կարողանում հիշեի թե ում: Բողոքում էր երիկամների քարից, տանուտերն էլ բացատրում էր, թե ինչ կարելի է անել, դրանցից ազատվելու համար: Ես էլ իմ պապական մեթոդը ասեցի, քանզի մի տեսակ խղճացի ըստ երևույթին ծանր ցավից մի փոքր կռացած նստած էդ տանջված մարդուն: Նայում էի ու մտածում, որ երևի հողագործ է, մի տեսակ չարչարվածի տեսք ուներ, բայց զվարթ անձնավորություն էր ու մի տեսակ մեր խոսակցությունը գնալով ավելի մտերմացավ: Հյուրը ուշանում էր, դե ես էլ ճիշտն ասած իրոք սկսել էի անհանգստանալ, իսկ միգուցե որոշել է չգա՞լ, ասում են չի սիրում հարցազրույցներ տալ և ընդհանրապես չի սիրում իր մասին խոսել: Տանուտերը իմ մասին էր պատմում Վահիկին ասում էր լավ ֆիլմ եմ նկարել հուզիչ, ու առաջարկեց քանի որ կարճամետրաժ է դիտել այն մինչև սեղանը կգցեն ու մնացած հյուրերն էլ կգան: Վահիկը սիրով համաձայնվեց, իսկ տանտիրոջ որդին ասաց որ ինքը նույնպես հուզվել է իմ այդ ֆիլմը դիտելուց: Միացրեցինք հեռուստացույցը համակարգչին ու սկսեցինք ֆիլմը դիտել: Ինձ համար հետաքրքիր էր հանդիսատեսի վերաբերմունքը, քանզի ֆիլմը դահլիճում չեմ ցուցադրել այլ համակարգչով միայն, ու չգիտեի թե ինչպես են մարդիկ այն ընդունում: Դե լսել էի որ հուզվել են, նույնիսկ շատ են հուզվել, բայց միևնույնն է, որպես ստեղծագործող, հետաքրքիր է թե ֆիլմի ընթացքում մարդիկ ինչ ապրումներ են ունենում: Ուշադիր հետևում էի Վահիկին:

Նրա մեջ մանկական ինչ որ մաքրություն կար, նրա հուզված աչքերի փայլը խոսում էր նրա անկեղծության ու բարության մասին: Զգացվում էր որ իրեն զսպում է որպեսզի չարտասվի: Երևի շատ ուրախացավ, որ ֆիլմը ընդամենը 20 րոպե էր և նա կարողացավ բացի մի քանի լավ թաքցրած արցունքի կաթիլներից զսպել իր հուզմունքը: Մի քանի րոպե չէր խոսում, ինձ էր նայում թաց աչքերով հետո հայացքը փախցնում ու նորից նայում, վերջապես խոսեց: Պարզվեց, որ նա ֆիլմեր դիտել չի սիրում, ու միայն մուլտիպիկացիոն կինոնկարներ, և մուլտիկները նա կարող է նայել անվերջ ամբողջ օրը, իսկ այ ֆիլմերը չի սիրում, քանի որ եթե լավն են ապա տխուր են, իսկ մնացած թխկըդխկն ու հիհի-հահաները ընհանրապես չի սիրում: Սեղանը պատրաստ էր ու տանուտերը մեզ հրավիրեց սեղանի շուրջ: Իմ հայացքը հարցական էր, երևի քանի որ տանուտերը կարծես պատասխանեց իմ հարցին ասելով, որ ըստ երևույթին մնացած հրավիրվածները չեն կարողացել գան, իսկ ով էլ կգա բարով գա, մենք չենք թողնի որ խորովածը սառչի: Ես ճիշտն ասած շատ նեղվեցի, որ իմ սպասված հյուրը դեռ չէր եկել և հավանական է, որ ընդհանրապես չգար: Խորովածը շատ համով էր, դե սեղանակիցներն էլ ինձ համար շատ հաճելի ու հետաքրքիր:

Ընթրիքի ողջ ընթացում մտածում էի Վահիկի այդ մանկական բարի աչքերի ու սրտի մասին, ու մտածում, որ ինչ լավ է որ նման մարդիկ իրենց այգին ու դաշտն են մշակում, հեռու պատերազմից ու զենքերից, թոհ ու բոհից, ու որ տանտիրոջ նման հերոսները հենց նման մարդկանց պաշտպանելու համար են լինում այդպես դաժան ու անողոք պատերազմի դաշտում, հենց Վահիկի նման խեղճ ու բարի մարդկանց պաշտպանելու համար: Տանուտերը ինչպես ընդունված է Արցախում, առաջինը առաջարկեց խմել մեր տղերքի կենացը, հետո մեր բանակի, հետո հերթով խմեցինք բոլորի կենացը ու երբ հերթն հասավ Վահիկի կենացը խմելուն տանուտերն ասաց, որ ես շատ էի խնդրել իր հետ հանդիպել, ու հազար ու մի հարց տվել իր մասին, իսկ հիմա, երբ կողքս նստած է բերանս ջուր եմ առել ու նստել, «Տես հա, Արշակ, որ գնաց էլ ամիսներով չես տեսնի, սա առաջնագծից սկի տուն չի գալիս, ամեն անգամ որ գալիսա երեխեքը մի դասարան ավել են փոխադրված լինում, զոռով են ճանաչում» Տանտիրոջ կատակի վրա բոլորը սկսեցին ծիծաղել ու խմեցին Վահիկի Հայրենիքին նվիրվածության ու անձնուրաց կենացը... Ես շշմած նստել էի: այ հիմա իսկականից բերանս ջուր էի առել: Իմ կողքը, նստած է, ու ես արդեն 2 ժամից ավել է շփվում եմ լեգնեդի հետ, ում անունը թշնամու բանակում ասոցացվում է մահվան հետ միայն, լեգենդի ով միայն մանկական մուլտիկներ է նայում, ով հուզվում է երեխայի պես ու ամոթից կարմրում, երբ իր մասին են խոսում... Անմիջապես հիշեցի ում էր նման Վահիկը, իմ սիրած «Լեոնը» ֆիլմում Ժան Ռենոյի մարմնավորած պրոֆեսյոնալ մարդասպանին, ով եթե չեմ սխալվում նույնպես միայն մուլտիկներ էր սիրում...

Արշակ Զաքարյան