Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկա է քննարկմանը:

Քննարկման արդյունքում որեւէ որոշում չի կայացվել: Այս մասին ԱԺ-ում Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը:

« Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի: ...բա չես ամաչո՞ւմ, այ ողորմելի գեներալ, դուք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան, հա, էդ երեխեքի կյանքի հաշվին, էդ դուք պիտի հիմա պառկած լինեիք էդ անմեղ երեխեքի տեղը, այ էդքան չարացած եմ...»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը։

Սրան ի պատասխան Շուշան Պետրոսյանն արձագանքել էր. « Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»: