«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Այլևս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը իշխանական համակարգում փորձում է նոր իրավիճակ ստեղծել, որտեղ իր հիմնական հենարանը կլինեն վերջին տարիներին իր կողմից կառավարման համակարգ բերված երիտասարդները: Այս գործընթացը թերևս պետք է համարենք իշխանական երիտթևի կողմից ողջ իշխանությունը վերցնելուն ուղղված ծրագիր: Երբ 2013-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկեց Գևորգ Կոստանյանի թեկնածությունը, իշխանական երիտթևին առաջ քաշելու ծրագիրը այդքան էլ իրատեսական չէր թվում: Ավելին՝ իշխանության հնաբնակների գրոհները իրենց տեղերի վրա աչք դրած «ջահելների» վրա գնալով ավելի ազդեցիկ էին դառնում:

Սակայն Գեորգի Կուտոյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության հնաբնակները այս հակամարտության մեջ հաղթելու շանս քիչ ունեն, քանի որ Սերժ Սարգսյանը որոշել է իշխանության ղեկին մնալ հիմնականում երիտասարդներով շրջապատված, իսկ հնաբնակների համար տարատեսակ խորհրդականների պաշտոններ է նախատեսել: Իրադարձությունների ներկա ընթացքը ենթադրում է, որ առաջիկայում իշխանական երիտթևին կտրվի նաև ՀՀ ոստիկանապետի պաշտոնը: Ինչո՞ւ, որովհետև մարդկայնորեն Վլադիմիր Գասպարյանին դժվար է լինելու իր երեխայի տարիքի երիտասարդների հետ նստել և հավասարը հավասարին քննարկել իշխանության պահպանման հետ կապված ինչ-որ խնդիրներ:

Մյուս կողմից էլ երիտասարդները ևս չեն կարողանա նրան որպես յուրային ընկալել: Ուստի կարելի է կանխատեսել, որ առաջիկա ամիսներին ՀՀ ոստիկանապետը ևս կփոխվի: Իսկ թե այդ պաշտոնը երիտասարդներից ում կվստահվի, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: